ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնական միջոցառումներին մասնակցելու առիթով Երեւանում գտնվող Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադն ու Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը այցելել են մայրաքաղաքի Բեյրութի փողոցին հարակից մանկական զբոսայգի եւ հարգանքի տուրք են մատուցել հայ ժողովրդի բարեկամ, լիբանանցի արձակագիր, բանաստեղծ եւ փիլիսոփա Ժուպրան Խալիլ Ժուպրանի հիշատակին:

Բեյրութի քաղաքապետն ընդգծել է, որ Ժուպրանի կիսանդրին հայ եւ լիբանանցի ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է եւ վստահեցրել է, որ լիբանանցիները մշտապես հայ ազգի համար եղել ու մնում են եղբայրական ժողովուրդ: Կամո Արեյանն իր հերթին վստահեցրել է, որ այդ վերաբերմունքը փոխադարձ է:

Կիսանդրին Երեւանում տեղադրվել է 2005 թվականին: