Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2012 թ. իրականացվելիք ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթում հաղթել է «Կոքս քընսալթ» (Գերմանիա) կազմակերպությունը: Այդ մասին նշված է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Պայմանագրի արժեքը 968.4 հազ. դոլար է (ներառյալ հարկերը): Քանի որ պայմանագրի աժեքը գերազանցում է 350 մլն դրամը` մրցույթի արդյունքները պետք է հաստատվեն ՀՀ կառավարության կողմից:
Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր 2011 թվականի ապրիլի 16-ին` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» հիմնարկի կողմից:
Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորումը նախատեսված է գյուղական բնակավայրերը հիմնական մայրուղիներին կապող ճանապարհների վերականգնման համար; Ծրագրի ընդհանուր արժեքը 40 մլն դոլար է, բարեկարգման ենթակա են 190 կմ ճանապարհներ:



























