Հայաստանի պետբյուջեում կենսաթոշակների համար նախատեսված է 199 մլրդ դրամ, կամ բյուջետային ծախսերի 19%-ը: Սա բյուջեի ամենախոշոր հոդվածներից է, ինչը նշանակում է, որ առկա հնարավորությունների սահմաններում տրվում է առավելագույն կենսաթոշակը: Իհարկե` ընտրություններից առաջ կարելի է կենսաթոշառուներին ոսկե սարեր ու կենսաթոշակների եռապատկում խոստանալ, սակայն մի քանի ցուցանիշներ կան, որոնք կասկածի տակ են դնում նման խոստումների իրատեսությունը:
Նախ, ՀՀ-ն արդեն իսկ համարվում է ծերացող երկիր: Ըստ միջազգայնորեն ընդունված ժողովրդագրական նորմերի, եթե որեւէ երկրի բնակչության 60 եւ բարձր տարիք ունեցողների տեսակարար կշիռը մինչև 8% է, ապա այդ հասարակությունը գնահատվում է որպես երիտասարդ, 10% -ի դեպքում` ծերացող, իսկ 12% եւ բարձրի պարագայում` համարվում է ծերացած: Հայաստանում 60-անց են բնակչության մոտ 9-10%-ը, հետեւաբար` երկիրը համարվում է ծերացող:
Սակայն խնդիրները դրանով չեն սպառվում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Ծերացման հիմնախնդիրների լուծման եւ տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը», որում առկա է հետեւյալ վիճակագրությունը: Մի քանի տարի հետո կենսաթոշակային տարիք կսկսեն մուտք գործել 50-ականներին ծնված, այնուհետ` արդեն` 60-ականներին ծնված մեծաթիվ սերունդները: Իսկ դա կարագացնի բնակչության ծերացման գործընթացը: Հետեւաբար` թոշակների վճարման խնդիրը բավական սրվում է: Ուստի թոշակները եռապատկելու խոստումներ տալուց առաջ հարկավոր է լրջորեն գնահատել դրա հետ կապված ռիսկերը:
Վերջին տարիներին կառավարությունը ձգտում է կենսաթոշակային ռեսուրս գտնել հենց կենսաթոշակային ֆոնդի ներսում: Փորձում է մաքրել կենսաթոշակային աղբը, որը կուտակվել է 2 տասնամյակի ընթացքւոմ:
Խոսքը վերաբերում է կենսաթոշակային ցուցակների ճշգրտմանը եւ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրմանը: Գործընթացի նախակարապետը ՀՀ Վերահսկիչ պալատի 2010 թ. տարեկան հաշվետվությունն էր, որում առկա էին բավական հետաքրքիր բացահայտումներ: Օրինակ` 2008-10 թվականների արդյունքներով` մահացած կենսաթոշակառուների թիվը մոտ 59 հազար է: Նշվել է, որ «Հայփոստի» հետ համագործակցության շնորհիվ 2011 թ. առաջին ամիսներին մոտ 15-20 հազ. մարդ դադարեց թոշակ ստանալուց (հանրապետություինից բացակայողներ կամ մահացածներ): Պետական բյուջեի խնայողությունները հաշվարկվում էր միլիարդավոր դրամներով: Այնուհետ գործընթացն իրավական ու կազմակերպական առումով ավելի լուրջ հիմքերի վրա դրվեց, այսինքն` ստացավ շարունակական ու աշխատանքային բնույթ:
Միայն 2011 թ. իրականացված մաքրումների արդյունքում 11 հազ. կենսաթոշակառու հանվեց ցուցակներից տարբեր պատճառներով (մահացածներ, կրկնակի թոշակ ստացողներ, թոշակ ստանալու իրավունք չունեցողներ, Հայաստանից բացակայողներ եւ այլն): 2011 թ. հունվարի դրությամբ հանրապետությունում առկա են 509 հազ. թոշակառու, նախորդ տարվա հունվարի 520 հազարի համեմատությամբ:
Ճշգրտումների արդյունքում կառավարությունը կարողացավ 2011 թ. խնայել 11 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը ուղղվեց որոշակի կատեգորիաների թոշակառուների թոշակների բարձրացմանը: 5 մլրդ դրամն էլ մնաց որպես բյուջեի օգուտ:
Նոր էլեկտրոնային համակարգը, որի ներդրումը կավարտվի հունիսին, բազմակի ավելացնում է կենսաթոշակային աղբի հայտնաբերման պոտենցիալը: էլեկտրոնային կենսաթոշակային համակարգն իրենից ներկայացնում է տեղեկատվական միասնական շտեմարան: Դա նշանակում է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա տվյալները զագսի բաժիններից (որտեղ գրանցվում է մահը) առցանց կփոխանցվեն կենսաթշակային համակարգի տեղեկատվական բազա:
Նմանապես` եթե կենսաթոշակառուն դուրս է գալիս հանրապետությունից, ապա սահմանային անցակետերից համապատասխան տեղեկատվությունը նույնպես կփոխանցվի միասնական տեղեկատվական բազա: Բնականաբար` նրա վերադարձը նույնպես ֆիքսվում է:
Կենսաթոշակային մաքրումները օբյեկտիվ նախադրյալ են ստեղծում կենսաթոշակների բարձրացման համար: Ճիշտ է` այդ ռեսուրսն այնքան չէ, որ ապահովի թոշակների կրկնապատկում, սակայն զգալիորեն մեղմացնում է ծերացող երկրի աճող հիմնախնդիրները:
Սամվել Ավագյան




























