NEWS.am-ի խմբագրությունն այսօր նամակ է ստացել Երեւանի պետական համալսարանի աշխատակից Արամ Անանյանից, որում նա դիմել է ԵՊՀ ղեկավարությանը եւ Հայաստանի կառավարությանը` խնդրելով պատասխանել իր բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են աշխատավաձերի բարձրացմանը եւ այլն:
«Ես մեկ անգամ արդեն դիմել եմ ԵՊՀ ղեկավարությանը ս.թ. սեպտեմբերին աշխատավարձերի ուշացման հետ կապված, սակայն ոչ մի պատասխան, ոչ ռեկտորատից, ոչ էլ արհմիությունից, որը չգիտես ինչի համար է աշխատում:
Հիմա էլ նորից եկել է ժամանակը. ԵՊՀ գիտխորհուրդը դասախոսների ծանրաբեռնվածությունը 640 ժամից սարքում է 700 ժամ, բացի այդ մի շարք կարեւոր տեղերում ծանրաբեռնվածություններում կատարում է սխալ կրճատումներ, որի արդյունքում մենք կորցնելու ենք ուսումնառության արդյունավետությունը: Մեզ դասախոսներիս ուղղակի դրել եք հիմարների տեղ ասելով թե ցանկանում եք սեպտեմբերին բարձրացնել աշխատավարձերը մինչեւ 12 %-ով: Բայց խնդրում եմ հիշեք մի փոքր մաթեմատիկան եւ կատարեք շատ պարզ հետեւյալ թվաբանական հաշվարկը 640 ժամ = 1 դրույք = 100000, որը 12 % բարձրանալու դեպքում կազմում է 110000: Նոր կանոնակարգով 700 ժամ = 1 դրույք, այսինքն ես կունենամ իմ հին 640 ժամը, կամ ավելի քիչ ինչն առավել հավանական է, որը հավասար կլինի 0.9 դրույքի, եւ կվարձատրվեմ 110000 դրամ(դրույք սակագնային պլանի պայմաննում 99000 դրամ, ինչը 1000 դրամով պակաս է այսօրվա 100000 դրամ (դրույք աշխատավարձից: Հարց, որտեղ կորավ 12 % աշխատավարձի բարձրացումը»,- հայտնել է նա:
Փորձելով ստանալ նրա բարձրացրած հարցերի պատասխանները դիմեցինք Երեւանի պետական համալսարան, որի լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին չեն ցանկանում մեկնաբանել, կսպասեն նամակը տպագրենք, իսկ անհրաժեշտության դեպքում իրենք հանդես կգան պատասխանով:



























