Լրանում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի 26-րդ տարելիցը: Հայաստանից այդ աղետի հետեւանքների վերացմանը մասնակցել է շուրջ 3000 մարդ, գրեթե բոլորն էլ իրենց կամքից անկախ են գործուղվել աղետի գոտի: Այդ մասին գրում է «Հայացքը»:
«Հայ լիկվիդատորները հայրենիք են վերադարձել բազմաթիվ հիվանդություններով: Եթե ԽՍՀՄ տարիներին նրանց առողջական վիճակը պետության ուշադրության կենտրոնում էր, ապա անկախացումից հետո նրանք ո`չ լիարժեք հիվանդանոցային բուժօգնություն, ո`չ դեղորայք, ո`չ էլ առողջարանային ուղեգրեր են ստանում:
Հայ լիկվիդատորները բուժօգնություն են ստանում ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում: Կենտրոնի ճառագայթային վնասվածքների բաժանմունքն անմխիթար վիճակում է եւ վերանորոգման կարիք ունի: Էլ չենք խոսում բուժսարքավորումների մասին, որոնք վաղուց թարմացման կարիք ունեն: Այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում 600-700 հիվանդ, որոնց մոտ առկա են տարբեր հիվանդություններ` ուռուցքներ, նյարդային, սրտանոթային համակարգի խնդիրներ, կան նաեւ ինսուլտներ տարած հիվանդներ:
Շուրջ 3000 լիկվիդատորներից 450-ն այս տարիներին մահացել են, մի մասը մեկնել է արտերկիր: «Չեռնոբիլ ասոցիացիա» ՀԿ-ում գրանցված է 1600 «չեռնոբիլցի»: Կազմակերպության նախագահ Գեւորգ Վարդանյանի խոսքով` մահերի թիվն օրեցօր ավելանում է: ՀԿ նախագահը 2007թ. օրինագիծ է ուղարկել ԱԺ, սակայն այն դեռեւս չի ընդունվել: Կառավարությունից տեղեկացրել են, թե նման օրենք ընդունելու եւ այդ օրենքով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար միջոցներ չկան: Վարդանյանը մտահոգիչ է համարում նաեւ ճառագայթահարված ծնողներից ծնված երեխաներին բուժզննման չենթարկելը: Ըստ նրա` պետբյուջեի միջոցներով տարեկան գոնե երկու անգամ նրանց երեխաները պետք է բուժզննում անցնեն, ինչպես նաեւ պետք է այդ անձանց առողջության կորստի փոխհատուցում տրվի»,- գրում է «Հայացք» թերթը:




























