ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն այսօր` ապրիլի 26-ին, Երեւանում ամփոփել են Հայաստանի ոստիկանության համար իրականացված չորսշաբաթյա ռազմավարական եւ մարտավարական պլանավորման ուսուցողական դասընթացը:

Ուսուցողական ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանի ոստիկանության հասարակական կարգի պահպանմամբ զբաղվող մոտ հարյուր ավագ, միջին եւ կրտսեր պաշտոնյաների կարողությունները: Դասընթացի թեմաներում ներառված էին գործողությունների պլանավորում, արդյունավետ կառավարում եւ վերահսկողություն, միջազգային ստանդարտներին համապատասխան բանակցային հմտություններ, վտանգների եւ ռիսկերի գնահատում, տեղեկատվության կիրառում եւ հետախուզություն, օրինականություն, հաշվետվողականություն, պատասխանատվություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ մամուլի հետ հարաբերություններ եւ հաղորդակցման մեթոդներ:

«Հասարակական կարգի պահպանումը ողջ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը ընտրատեղամասերում ոստիկանության կարեւոր պարտականություններից է, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների անցկացման վրա: Մենք հավատացած ենք, որ արդյունավետ պլանավորումը, ինչպես նաեւ պատշաճ բանակցությունները ոստիկանության եւ ցանկացած բազմության միջեւ կարեւոր է` ապահովելու անվտանգությունը հատկապես նախընտրական շրջանում»,-ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Ազատ եւ արդար ընտրությունները կարեւոր նախապայման են ԵՄ - Հայաստան հարաբերությունների զարգացման համար: Ոստիկանության դերը ընտրական գործընթացում կարեւոր է` թափանցիկության  եւ հասարակական վստահության ապահովման առումով»,-ասել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան:

ՀՀ ոստիկանության պարեկային գնդի 4-րդ հատուկ գումարտակի զորքերի 55 ներկայացուցիչներ, ովքեր ուղղակիորեն ներգրավված են ամբոխի կառավարման գործում, դասընթացի վերջին շաբաթվա ընթացքում գործնականում կիրառե; են ձեռքբերված գիտելիքները:

ԵԱՀԿ աջակցությամբ անցյալ տարի պատրաստված երկու ուղեցույցները` հասարակական կարգի պահպանման գործում ոստիկանության վարքագծի, ուժի կիրառման եւ բանակցային հմտությունների վերաբերյալ օգտագործվել են դասընթացի ընթացքում:

Դասընթացը 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի մաս է կազմում` հետամուտ Հայաստանում ընտրական գործընթացների ամրապնդմանը` միջազգային ստանդարտներին համապատասխան, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` ԵՄ ֆինանսավորմամբ: