Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանն Արաբկիրի ընտրողներին պատրաստվում է գումար բաժանել ընտրություներից մի քանի օր առաջ: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ով եւս թեկնածու է առաջադրվել թիվ 4 ընտրատարածքում: Նրա խոսքով, Արտակ Սարգսյանը Եղվարդից խումբ է բերում, որ վերահսկեն այդ գործընթացը:

Ս. Սեյրանյանի ներկայացմամբ, ինքն ահազանգելու եւ բարձրաձայնելու է այդ մասին թե’ միջազգային դիտորդներին, թե’ տեղի իրավասու մարմիններին: Նա  կոչ արեց ընտրողներին չվախենալ եւ գիտակցել ընտրությունների լրջությունը:

«Այլեւս հնարավոր չէ հանդուրժել այս իրավիճակը եւ յուրաքանչյուրիցս շատ բան է կախված եւ պետք է գործնական քայլ կատարենք»,-ասաց Ս. Սեյրանյանը:

Իր հերթին, թիվ 5 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու  Սուրեն Սիրունյանն առաջարկեց բոլոր քաղաքական ուժերին ստորագրել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու փաստաթղթի տակ: Նա նաեւ նշեց, որ ներկա պահին այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամներ, նախկին քաղբանտարկյալ Հովհաննես Ղազարյանը, Մասիս Այվազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, նաեւ Շանթ Հարությունյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ովքեր գտնում են, որ մեր երկրի ապագան կախված է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումից:

Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված անկուսակցական թեկնածու Տիգրան Գրիգորյանն էլ առաջարկեց , որ լրատվամիջոցներն ավելի մեծ ուշադրություն դարձն մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածուներին, քանի որ անկուսակցական են եւ նրանց գովազդով ոչ մի կուսակցություն չի զբաղվում: