Մանկական գրքի միջազգային գրասենյակի տնօրեն Լիզ Փեյջը Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով մասնակցում է «Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի տոնակատարություններին:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել iBbY-ի գործադիր տնօրեն` Լիզ Փեյջին հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելության համար եւ հույս է հայտնել, որ առաջիկա օրերին կլինեն մասնագիտական գործնական հանդիպումներ, դասախոսություններ, ինչպես նաեւ պաշտոնական հայտարարություն` iBbY միջազգային հեղինակավոր կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
Նախարարն իր խոսքում կարեւորել է մանկական բարձրարժեք գրականության ստեղծման, տպագրության եւ գրքի ձեւավորման խնդիրները` ինտերնետի ու էլեկտրոնային կրիչով գրականության մրցակցությանը դիմակայելու համար: Նա նաեւ հյուրին ներկայացրել է նախարարության կողմից անցկացվող մանկապատանեկան ամառային ճամբարը, որտեղ այս տարի նախատեսվում է երեխաների համար կազմակերպել գրքի հրատարակություն` խաղի տարրերով, որտեղ երեխաներն հենց իրենք կլինեն գրքի թե’ հեղինակը, թե’ ձեւավորողը եւ թե’ հրատարակիչը:
Մանկական գրքի միջազգային գրասենյակի տնօրեն Լիզ Փեյջը շնորհակալությամբ է արտահայտվել հրավերի եւ իրեն ընձեռված հնարավորության համար` տեղում ծանոթանալու Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գործունեությանը: Նա նաեւ ներկաներին հավաստիացրել է, որ Հայաստանի անդամակցությունը մանկապատանեկան գրքի բազմակողմանի խնդիրները համակարգող եւ մանկական գրքի քաղաքականությունը ուղղորդող iBbY միջազգային կառույցին, անպայմանորեն կնպաստի մանկական գրականության եւ մանկական գրքի ձեւավորման մշակույթի խթանմանն ու զարգացմանը Հայաստանում:
Նա նաեւ հավելել է, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը այս տարվա սկզբին հայտ է ներկայացրել անդամակցելու կազմակերպությանը եւ մարտին /19-22-ը/ Բոլոնիայի մանկական գրքի տոնավաճառին արդեն իսկ կայացել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ իրենց հանդիպումը, որի ընթացքում էլ քննարկվել է iBbY-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը:




























