Հայաստանի մշակույթի նախարարությունում հյուրընկալել են «Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի միջոցառումների մասնակից, մեծանուն իտալահայ գրող Անտոնիա Արսլանին:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպման ընթացքում անվանի գրող, հրապարակախոս, Պադուայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված Մովսես Խորենացի մեդալը` գրականության ասպարեզում  ներդրած ավանդի եւ մեծագույն ձեռքբերումների համար: Մեծանուն գրողը շնորհակալությամբ է ընդունել պարգեւը եւ ասել, որ առաջին անգամ չէ որ Հայաստանում է եւ հավելել. «Այստեղ ես ինձ Հայաստան երկրի մասնիկն եմ զգում»:

Անտոնիա Արսլանը Հայաստան է ժամանել մասնակցելու «Երեւանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի հռչակման տոնակատարությունների, ինչպես նաեւ հայոց եղեռնին նվիրված` իր հեղինակած  «Արտույտների ագարակը» եւ «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի հայերեն թարգմանությամբ հրատարակությունների («Զանգակ» «Սահակ Պարթեւ» հրատ.) շնորհանդեսի կապակցությամբ: Հեղինակը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացված այս հրատարակությունները գրասեր հանրությանը ներկայացրեց ապրիլի 23-ին ArmBookExpo ցուցահանդեսի շրջանակում` Գաֆէսճյան արվեստի կենտրոնում: Անտոնիա Արսլանի վեպերի հայերեն  թարգմանության հեղինակն է Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը:

Ի տարբերություն «Արտույտների ագարակը» վեպի, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն, հոլանդերեն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն թարգմանություններից հետո, «Զմյուռնիայի ճանապարհը» վեպը աշխարհում առաջին անգամ է ներկայանում թարգմանաբար:

Անտոնիա Արսլանը նախարարի հետ զրույցում նաեւ հայտնեց, որ այս տարի հունվարին Իտալիայում լույս է տեսել «Մշո գիրքը» խորագրով «Մշո ճառընտիրին»` հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանի փրկությանը  նվիրված վեպը, որը երեք ամսում ունեցել է չորս հրատարակություն: Ի պատասխան նախարարն առաջարկեց ձեռնամուխ լինել գրքի հայերեն թարգմանությանը, որը նույնպես կտպագրվի պետական ֆինանսավորմամբ: