Հայաստանի մշակույթի նախարարությունում, այսօր` ապրիլի 26-ին, հյուրընկալել են երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի` IAML-ի նախագահ Մասսիմո Ջենտիլի Տեդեսկուն եւ պատասխանատու քարտուղար Ռութ Հելլենին:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է հյուրին եւ շնորհակալություն հայտնել «Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի հռչակման ու Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկին IAML-ի մասնակցության համար: Նախարարը փաստել է Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիայի կարեւորությունը, նշել, որ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Երաժշտագիտական գրադարանը 2000թ-ից անդամակցում է IAML-ին, նաեւ գնահատանքով է անդրադարձել ասոցիացիայի աշխատակիցների կողմից Հայաստանի երաժշտագիտական գրադարանի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Նախարարը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանում գրադարանային ոլորտում իրականացվող պետական ծրագրերին` շենքերի վերանորոգման ու վերազինման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
«IAML»-ի նախագահ Մասսիմո Ջենտիլլին եւ պատասխանատու քարտուղար Ռութ Հելլենը իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանում գտնվելու իրենց ընձեռված հնարավորության համար եւ ներկայացրել են հայաստանյան (ՀԱԳ-ի, Երաժշտագիտական, կոնսերվատորիայի, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի, Ա. Սպենդիարյանի, Սայաթ-Նովայի, Չայկովսկիի անվան երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ Ավետիք Իսահակյանի անվան) գրադարանների այցերից ստացած իրենց տպավորությունները` դրական գնահատելով առկա հազվագյուտ, մշակութային արժեք ներկայացնող երաժշտական գանձերի պահպանությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երաժշտագիտական գրադարանի կողմից ժամանակակից տեխնիկական բազայի ձեռքբերման ու միջազգային ծրագրերում գրանդարանի ընդգրկման հարցերին:




























