Եվրոպական միության կողմից Ուկրաինային տրամադրվող վարկի առաջին տրանշը (6 միլիարդ եվրոյի չափով) կուղղվի Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերմանը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Շուրջ 6 միլիարդ եվրո արժողությամբ առաջին պաշտպանական փաթեթը կուղղվի դրոնների արտադրությանը», — նշել է ֆոն դեր Լեյենը։ Նրա ելույթը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի Յութուբյան ալիքով։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ ԵՄ-ն ծրագրում է արդեն այս եռամսյակում հատկացնել 2026 թվականի համար նախատեսված 45 մլրդ եվրո արժողությամբ վարկի առաջին մասը։ Ինչպես նշել է ֆոն դեր Լեյենը, նախատեսված միջոցների մեկ երրորդը կուղղվի Ուկրաինայի պետական բյուջեի կարիքներին, իսկ երկու երրորդը՝ ուկրաինական ԶՈւ-ին։

Ուկրաինական կողմին 90 միլիարդ եվրոյի չափով վարկ տրամադրելու որոշումը հաստատվել էր դեռևս ապրիլի 23-ին։ Եվրամիությունն այս միջոցները կներգրավի եվրոպական երկրների կողմից մարվող եվրոպարտատոմսերի միջոցով։ Ըստ նախանշված ծրագրի՝ այդ գումարից 30 միլիարդ եվրոն կուղղվի մակրոտնտեսական կայունության աջակցմանը, իսկ մնացած 60 միլիարդը՝ պաշտպանական-արդյունաբերական ներուժի զարգացմանը։