Իրանի շուրջ իրավիճակի սրման հետևանքով Հորմուզի նեղուցի փակումը կարող է որոշ երկրներ հասցնել ռեցեսիայի։ Էներգակիրների և այլ ապրանքների մատակարարումների հետ կապված իրավիճակի կարգավորումը ամիսներ կպահանջի, հայտնել է Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնը։

«Հորմուզի նեղուցն արդեն ավելի քան երկու ամիս է՝ փակ է։ Հետևանքները զգացվում են ոչ միայն գների բարձրացման, այլև մատակարարումների կրճատման ձևով», - ասել է նա Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանում (NTUC) Աշխատանքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ Վարչապետի խոսքով՝ Ասիայի երկրները «առանձնապես են տուժում»՝ Պարսից ծոցի երկրներից եկող էներգակիրներից և կենսականորեն կարևոր այլ մատակարարումներից կախվածության պատճառով։ «Մեր տարածաշրջանի որոշ երկրներ արդեն բախվում են վառելիքի պակասի։ Ավիաընկերությունները չեղարկել են թռիչքները, գործարանները հայտնում են ուշացումների մասին», - նշել է նա։

Ինչպես նշել է Լոուրենս Վոնգը, նույնիսկ նեղուցի բացումից հետո «անմիջապես բնականոն կյանքի վերադարձ» չի լինի։ «Կպահանջվեն առնվազն ամիսներ, մինչև իրավիճակը կայունանա։ Մատակարարումների խափանումները կպահպանվեն և առաջիկա ամիսներին կարող են սրվել։ Գլոբալ մասշտաբով գնաճը կաճի և էներգակիրներից կտարածվի սննդամթերքի, ապա նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների վրա։ Որոշ տնտեսություններ կարող են բախվել ռեցեսիայի», - ասել է Սինգապուրի վարչապետը։

Նրա խոսքով՝ Սինգապուրը «ուղղակիորեն կզգա [ճգնաժամի] հետևանքները»։ Հանրապետության տնտեսական աճն արդեն դանդաղել է, գնաճի մակարդակը կշարունակի աճել։ «Այս ամենն իրական ճնշում կգործադրի բիզնեսի, աշխատողների և տնային տնտեսությունների վրա», - եզրափակել է Լոուրենս Վոնը։