Թերթը գրում է, որ ապրիլի 25-ին Նոյեմբերյան քաղաքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ նախագահի թիկնապահների անդամներից մեկը հրել է կողբեցի հաշմանդամ ազատամարտիկ Վովա Երկնափեշյանին:

Վերջինս թերթի թղթակցին ասել է, որ ընկնավորությամբ հիվանդ է, ցանկացած պահի կարող է մահանալ, նա իր առողջության հարցով նախագահից օգնություն էր հայցում: Նոյեմբերյանցի մի  ազատամարտիկ էլ վեճի  բռնվեց Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության աշխատակցի  հետ այն պատճառով, որ թիկնապահը նրան  կարգադրում էր  «հեռու քաշվել»: Ազատամարտիկն ասել է, որ այս հողը, սահմանն իրենք են պաշտպանել, եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղից  իրեն  հեռու վանելու: Իր ելույթից հետո  երկրի նախագահը համբերատար   լսում էր առողջական եւ այլ խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր կարողացել  էին  հայտնվել Սերժ Սարգսյանի ճանապարհին:

ՀՀ անկախության տարիներին երկրի նախագահի թիկնազորի անդամների թիվը բազմապատկվել է: Ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահները գրեթե չէին երեւում, Ռոբերտ Քոչարյանի օրոք նրանց թիվն ավելացավ, սակայն նրանք աչք չէին ծակում: Սերժ Սարգսյանի թիկնազորը բազմամարդ է, նախագահին լուսանկարելու ժամանակ միշտ կադրում հայտնվում են նրա թիկնապահները: Վերջիններիս թիվը,ժողովրդի հետ նրանց պահվածքը, ինչպես նաեւ նախագահական ավտոշարասյան մեծ երկարությունը  հարուցում է տավուշցիների դժգոհությունը, գրում է թերթը: