Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը նշում է պետության կազմավորման 77-ամյակը։ 1949 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Կենտրոնական Ժողովրդական Կառավարական Խորհրդի նախագահ Մաո Ցզեդունը հռչակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումը։

Այդ ժամանակից ի վեր անցած 77 տարիների ընթացքում Չինաստանը վերապրել է արմատական վերափոխումների մի քանի փուլ։ Արդյունքում՝ մինչև 80-ականների սկիզբը, Չինաստանը փոխեց իր ուղղությունը դեպի սոցիալիստական շուկայական տնտեսության կառուցումը և բարեփոխումների գործընթաց սկսեց Դեն Սյաոպինի ղեկավարությամբ։ Չինաստանը սկսեց բացվել օտարերկրյա ներդրումների համար։ Սրան հաջորդեց համաշխարհային պատմության մեջ ամենաանհավանական տնտեսական հրաշքը։ 2000-ականների կեսերից, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, չինական տնտեսությունը սկսեց բուռն աճ գրանցել։ Այլ երկրների հետ առևտրի մաքսատուրքերն ու սահմանափակումները նվազեցին, և շուտով չինական ապրանքները սկսեցին վաճառվել ամբողջ աշխարհում։

Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանն իրականացրել է շուկայական մի շարք բարեփոխումներ, որոնք երկիրը բացել են առևտրի և օտարերկրյա ներդրումների համար՝ հարյուր միլիոնավոր մարդկանց փրկելով աղքատությունից։

Այսօր ՉԺՀ-ն ՀՆԱ-ի ծավալով աշխարհի երկրորդ տնտեսությունն է՝ ԱՄՆ-ից հետո։ Ներկայումս արտաքին արտահանման ու ներմուծման ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան հինգ տրիլիոն դոլարի, իսկ Չինաստանն աշխարհում խոշորագույն արտահանողն է։ Վերջերս Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ենթակառուցվածքային լայնամասշտաբ նախագծի միջոցով ընդլայնում է աշխարհում իր տնտեսական ներկայությունը։ Նոր ճանապարհները, նավահանգիստներն ու տրանսպորտային հանգույցները պետք է հիմք հանդիսանան «Նոր Մետաքսի ճանապարհի» համար, որը կմիավորի մոլորակի բնակչության կեսը կամ համաշխարհային ՀՆԱ-ի 30 տոկոսը։

ՉԺՀ-ի կազմավորման օրը կարելի է համարել Չինաստանի երկրորդ կարևորագույն տոնը։ Այն զիջում է միայն չինական Նոր տարուն՝ Գարնան տոնին։ Ինչպես և Նոր տարվան, ՉԺՀ-ի կազմավորման օրվա առթիվ հանգստյան օրերը տևում են մեկ ամբողջ շաբաթ և կոչվում են «ոսկե շաբաթ»։ Չինարենում տոնակատարությունը կոչվում է 国庆节 (Guóqìng jié)՝ ազգային տոն։ Անկախ զորահանդեսից, տոնը սկսվում է Տյանանմեն հրապարակում ՉԺՀ-ի դրոշի բարձրացման արարողությամբ։ Հոկտեմբերի 1-ին մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներում տեղի են ունենում ժողովրդական զբոսանքներ, իսկ երբեմն կազմակերպվում է նաև մեծ հրավառություն։ Սա կարևոր տոն է յուրաքանչյուր չինացու համար։ Տոնակատարությունների ընթացքում Չինաստանի բոլոր քաղաքները կերպարանափոխվում են. փողոցները զարդարվում են կարմիր դրոշներով, չինական լապտերներով և բնական ծաղիկներից պատրաստված հսկայական կոմպոզիցիաներով, տեղի են ունենում զանգվածային ժողովրդական զբոսանքներ՝ հանդիսավոր երաժշտության ուղեկցությամբ։