Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած վերջին հրաձգությունը հերթական վտանգավոր միջադե՞պն էր, թե՞ բեմականացում: Սոցցանցերը լի են դավադրության տեսություններով:
Թրամփին, առաջին տիկնոջը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, ստուգման գլխավոր գոտու մոտ կրակոցներ հնչելուց հետո, տարհանել են «Washington Hilton» հյուրանոցից, որտեղ անցկացվում էր այդ ամենամյա միջոցառումը: Կասկածյալ Քոուլ Թոմաս Ալլենին մեղադրանք է առաջադրվել նախագահի դեմ մահափորձ կատարելու համար: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ հրաձգի դրդապատճառները պարզվում են:
Միջադեպը բազմաթիվ ենթադրությունների և դավադրության տեսությունների տեղիք է տվել: Ինֆլյուենսերները և սոցցանցերի սովորական օգտատերերը X, Bluesky և Instagram հարթակները ողողել են գրառումներով, թե հարձակումն իբր բեմականացված է եղել՝ չնայած դեպքի վայրից լրագրող-հյուրերի ուղիղ ռեպորտաժներին:
Շատերն էլ Թրամփի վարչակազմին մեղադրել են բեմականացման մեջ՝ նպատակ ունենալով աջակցություն ստանալ Սպիտակ տանը հանդիսությունների դահլիճի կառուցման նախագծի համար, որի հետ կապված իրավական խնդիրներ կան: Այսօրվա դրությամբ որևէ ապացույց չկա, որ հրաձգությունը բեմականացված է եղել, չնայած այն հանգամանքին, որ այդ տեսությունը միլիոնավոր դիտումներ է հավաքել սոցիալական հարթակներում:
Որոշ հեղինակներ հղում են անում մի լուսանկարի, որտեղ պատկերված է Թրամփի արձագանքը հրաձգությունից հետո: Մյուսները ենթադրում են, որ Fox News հեռուստաալիքը կտրուկ ընդհատել է թղթակցին, որը սկսել էր խոսել «օտար դրոշի» (false flag) մասին՝ մաղթելով նրան մնալ անվտանգության մեջ: Fox-ի թղթակից Այշա Հասնին, որի հետ զրույցն իբր ընդհատվել էր, ավելի ուշ գրել է, որ կապը կտրվել էր հյուրանոցի դահլիճում թույլ ազդանշանի պատճառով, իսկ անվտանգության մաղթանքը ընդհանուր բնույթի էր:
Նմանատիպ պնդումը, թե հարձակումը բեմականացված է եղել, վերաբերում է նաև Սպիտակ տան մամուլի քարտուղար Լևիթի հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ դահլիճում «կրակոցներ կհնչեն»: Սակայն հարցազրույցի ամբողջական տարբերակից պարզ է դառնում, որ դա այդպես չէ։ «Նա պատրաստ է աղմկել, ասեմ ձեզ։ Այսօրվա ելույթը լինելու է Դոնալդ Ջեյ Թրամփի դասական ելույթը,- խոստացել է Լևիթը,- Այն լինելու է ծիծաղելի, զվարճալի։ Այսօր դահլիճում մի քանի կրակոցներ կհնչեն։ Այնպես որ, բոլորը պետք է ուշադիր լինեն։ Դա իսկապես հիանալի է լինելու»։
Մի շարք հրապարակումներում երևում է Թրամփի կողքին կանգնած մի տղամարդ, որը քարտ է բարձրացնում: Մի քանի վայրկյան անց կետին պլանում լսվում են կրակոցներ: Օգտատերերը պնդում էին, որ նա ազդանշան է տվել հարձակումը սկսելու համար: Սակայն պարզվել է, որ այդ մարդը մենտալիստ և արտիստ Օզ Պերլմանն է, որն այդ պահին պարզապես ելույթ էր ունենում:





























