Ռուսական հրատարակչություններում «սովորական պրակտիկա» է դարձել փորձագետների ներգրավումը, որոնք մինչև հրապարակումը ստուգում են գրքերը «զգայուն» հատվածների առկայության համար, գրում է Spiegel-ը՝ հղում անելով ՌԴ գրահրատարակչական ոլորտի երեք աղբյուրների հետ ունեցած զրույցներին։
Spiegel-ի աղբյուրների խոսքով՝ նման ստուգման ընթացքում հեռացվում են բոլոր հատվածները, որոնք կարող են լինել «պոտենցիալ խնդրահարույց», իսկ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող թեմաները ամբողջությամբ բացառվում են։
Թե ինչպես է կազմակերպված այս «փորձագետների» աշխատանքը, ինչ ձևաչափով են նրանց ներգրավում գրաքննության մեջ և որ գրքերն են այս կերպ խմբագրվել, չի հստակեցվում։
Ռուսական գրահրատարակչությունում գրաքննությունը լիամասշտաբ պատերազմի ընթացքում էականորեն ուժեղացել է։ Այն բանից հետո, երբ 2023 թվականի նոյեմբերին ՌԴ Գերագույն դատարանը գոյություն չունեցող «ԼԳԲՏ միջազգային շարժումը» հայտարարեց «ծայրահեղական», մի շարք գրքեր փաստացի հայտնվեցին արգելքի տակ, իսկ անկախ գրախանութներին սկսեցին տուգանել հարյուր հազարավոր ռուբլիներով՝ «ԼԳԲՏ քարոզչության» վերաբերյալ արձանագրությունների հիման վրա։
Իշխանությունների համար գլխավոր գրգռիչներից մեկը դարձել է Ելենա Մալիսովայի և Կատերինա Սիլվանովայի «Ամառը պիոներական վզկապով» վեպը, որի հրատարակման և վաճառքի պատճառով Popcorn Books և Individuum հրատարակչությունների աշխատակիցներին մեղադրել են «ծայրահեղականության» մեջ։ 2026 թվականի ապրիլի վերջին նույն գործով ձերբակալեցին «Էքսմո» հրատարակչության գլխավոր տնօրեն Եվգենի Կապևին (Popcorn Books հրատարակչությունը դրա մաս էր կազմում)՝ մի քանի թոփ-մենեջերների հետ միասին։ Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին վկաների կարգավիճակով։




























