Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կայացել է «Հայրենիքիս կանչով» ցուցահնդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության եւ Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի «Հայարտուն» մշակութային, կրթական եւ երիտասարդական կենտրոնի աջակցությամբ, եւ միտված է հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, մտավորականներ, պետական գործիչներ:
«Նման ցուցահանդեսի կազմակերպությունը շատ կարեւոր իրադարձություն է Վրաստանի հայ նկարիչների համար: Ծննդավայրը մի բան է, հայրենիքը` բոլորովին այլ: Հայրենիքը մեզ սնում է հոգեպես»,- NEWS.am-ին ասել է ցուցահանդեսի մանսակից, նկարիչ Մայիս Մխիթարյանը` խորը երախտագիտություն հայտնելով Սփյուռքի նախարարին նման միջոցառում կազմակերպելու համար: «Շատ կարեւոր եւ սիմվոլիկ է, որ բացմանը մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երբ երկրի նախագահը ցուցահանդես, օպերա կամ սիմֆոնիկ երաժշտության համերգ է գնում, նրան շատերն են հետեւում: Դա կրթում է ոժղովրդին»,- հավելել է նա:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են 22 նկարիչների գործեր: Աշխատանքների թեմատիկան ու կատարման տեխնիկան տարբեր է: Սա Վրաստանի հայ նկարիչների առաջին համատեղ ցուցահանդեսը չէ:


























