Այսօր Աջափնյակի դատարանում հայտնի է դարձել, որ մահացել է Կոնստանտին Տեր–Մովսիսյանը, ով անցնում էր 2024 թվականի Սրբազան պայքարի գործով։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ԱԺ–ում հայտարարեցվ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հիշեցրեց, որ այդ օրերին շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ ձերբակալվեցին, երկար ժամանակ գտնվում էին կալանքի տակ, երբ Բաղրամյան– Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց, պայթուցիկներ պայթեցին ու շատերը վիրավորվեցին։
Այս մասին գրառում է արել նաև փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատական նիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք՝ ժողովրդի վրա կրակեցին լուսաձայնային նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները, թվով 16 (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են):
Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոստանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։ Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։
Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։
Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար։ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ»։
Այս գործով կա 16 մեղադրյալների նկատմամբ։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։




























