Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ մայիսի 8-ին Շուշիում կներկայացվի «Արցախի հարսանիք» բեմադրությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արցախի հարսանիք» բեմադրության պարի բեմադրիչ, «Կարին» ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Նրա խոսքով՝ այս բեմադրության մտահղացումն Արցախի մշակույթի նախարարին էր, եւ քանի որ Շուշիի ազատագրումը կոչվում էր «Հարսանիք լեռներում», այդ պատճառով էլ որոշվեց հենց այդպիսի բեմադրություն ներկայացնել:
Սցենարը գրել է Ալեքսանդր Մանասյանը, մեկուկես ժամ տեւողությամբ բեմադրությունն իրականացրել է «Մենք ենք, մեր սարերը» Արցախի պետական ազգագրական խումբը, իսկ «Կարինը» հանդես է գալու երգ ու պարով, աջակցելու եւ օգնելու է բեմադրությանը:
«Արցախի հարսանիք» բեմադրությունը բաղկացած է երեք մասից՝ ինչպես են գնում աղջիկ ուզելու, արարողությունը եկեղեցում եւ արդեն տղայի տանը շքեղ տոնակատարությունը: Նրա խոսքով՝ բեմադրությամբ ներկայացվելու է իրական Արցախը՝ ավանդական կոլորիտը, բարբառը, տեղում ժենգյալով հաց են թխելու եւ բաժանելու մարդկանց:
Գագիկ Գինոսյանը նշեց նաեւ, որ մտադիր են բեմադրությունը ներկայացնել նաեւ արտասահմանում, իսկ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնակատարություններին հրավիրված կլինեն բազմաթիվ հյուրեր:
Հաջորդ օրն առավոտյան Ստեփանակերտում լինելու է շքերթ, իսկ երեկոյան՝ տոնական համերգ:




























