Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով զինված «Օհայո» դասի ամերիկյան ռազմավարական ատոմային սուզանավը մտել է Ջիբրալթարի նավահանգիստ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմը։

«Այս այցը ցույց է տալիս ԱՄՆ-ի հնարավորությունները, ճկունությունն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ ցուցաբերվող անշեղ հավատարմությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Սուզանավը Ջիբրալթար է հասել մայիսի 10-ին։

«Սուզանավերից արձակվող «Օհայո» դասի բալիստիկ հրթիռները... ապահովում են ԱՄՆ միջուկային տրիադայի ամենակայուն ու կենսունակ բաղադրիչը», - նշել է 6-րդ նավատորմը։

ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում գտնվող «Օհայո» դասի 14 ռազմավարական սուզանավերից յուրաքանչյուրը կարող է կրել 20 միավոր Trident II D-5 բալիստիկ հրթիռ՝ համալրված անհատական նշանառության բազմակի մարտագլխիկներով։