Ֆրանսիական դատախազությունը պահանջել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել յոթ տարվա ազատազրկման՝ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի կողմից իր 2007 թվականի նախագահական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործով վերաքննիչ գործընթացի շրջանակում, գրում է Ֆրանսպրես գործակալությունը:

71-ամյա Սարկոզին մեղադրվում է ընտրությունների նախաշեմին Քադաֆիի հետ գաղտնի համաձայնագիր կնքելու մեջ, ըստ որի լիբիացի բռնապետը իբր միջոցներ է տրամադրել նրա ընտրարշավի համար՝ քաղաքական աջակցության և Լոքերբիի ու Նիգերի վրա իրականացված ահաբեկչություններից հետո Լիբիայի միջազգային հեղինակության վերականգնմանը նպաստելու դիմաց:

Սարկոզին կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ գործընթացն անվանելով քաղաքականապես մոտիվացված:

Անցյալ տարվա սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել հանցավոր համաձայնության մեջ, սակայն արդարացրել էր կոռուպցիայի և անձամբ ապօրինի ֆինանսավորում ստանալու հետ կապված կետերով: Սակայն հենց այդ գործը Սարկոզիին դարձրեց ժամանակակից Ֆրանսիայի նախագահներից առաջինը, որը հայտվել է բանտում. անցյալ տարվա վերջին նա մոտ երեք շաբաթ ճաղերի հետևում անցկացրեց:

Այժմ վերաքննության շրջանակում դատախազները պահանջում են նրան մեղավոր ճանաչել բոլոր առանցքային մեղադրանքներով, ներառյալ կոռուպցիան և քարոզարշավի ապօրինի ֆինանսավորումը:

Վերջնական դատավճիռն ակնկալվում է նոյեմբերի 30-ին: Մեղադրական դատավճռի հաստատման դեպքում նախկին նախագահին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:

Սարկոզիի համար դա առաջին բախումը չէ ֆրանսիական արդարադատության հետ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո: Վերջին տարիներին նա արդեն երկու վերջնական մեղադրական դատավճիռ է ստացել այլ քրեական գործերով: