Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է վարչական դատարան` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջով: Այս գործով նիստը կկայանա մայիսի 4-ին:
Արթուր Սաքունցը հայցադիմումի մեջ նշել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է նորմատիվ ակտ, որը սահմանել է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը, սակայն այդ նորմով չի նախատեսվել «Բոլորին դեմ եմ» տողը, որի պարագայոմ խախտվել է իր ընտրության եւ կամքի արտահայտման իրավունքը:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որտեղ ես չեմ կարողանում լիարժեք իրականացնել իմ ընտրության իրավունքը: Եթե ես չես ցանկանում ընտրել առաջադրված բոլոր կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկին, ապա այս դեպքում ես կորցնում եմ իմ կամքն ազատ արտահայտելու եւ իշխանության ձեւավորման պրոցեսին մասնակցելու իրավունքը եւ հնարավորությունը»,- նշել է Արթուր Սաքունցը:



























