Թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր այսօրվա նիստում մերժել է այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմումները:

Հիշեցնենք, որ նախօրդ օրը ԿԸՀ արտահերթ նիստում թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ին կայացրած որոշումը համարել էր ապօրինի եւ պարտավորեցրել թիվ 7 ԸԸՀ-ին մեկօրյա ժամկետում օրինական կարգով քննարկել այդ դիմումները:

Այդ դիմումներով Նիկոլ Փաշինյանը պահանջում էր ուժը կորցրած ճանաչել Ալեքսանյանի թեկնածության գրանցումը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մի ձայնագրություն, որտեղ Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրենը, որը գտնվում է թիվ 7 ընտրատարածքում, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցերին ի պատասխան վկայում է, որ Սամվել Ալեքսանյանը դպրոցին որոշակի գումար է տվել, առանձին գումար են ստացել նաեւ աշակերտները, ինչպես նաեւ խոստում, որ իրենց Վերջին զանգի միջոցառումն անվճար կկազմակերպվի «Փարվանա» ռեստորանում:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դիմումները դարձյալ բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: