«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, նշելով, որ ոստիկանությունը ԿԸՀ առջեւ հացադուլ անող Արտավազդ Վարդանյանին զրկել է վրան խփելու հնարավորությունից:
«Մայիսի 3-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց հացադուլ-նստացույց հայտարարած ՀՀ քաղաքացի Արտավազդ Վարդանյանը նույն օրը դիմել էր ՀՀ ոստիկանություն` իր առողջության պահպանման եւ սահմանադրական անկապտելի իրավունքների ու ազատությունների ապահովման նպատակով հացադուլ-նստացույցի վայրում վրան եւ հովանոց տեղադրելու հարցով: Այսօր` մայիսի 4-ին, հետեւելով ՀՀ ոստիկանության այն պատասխանին, որ դա Երեւանի քաղաքապետարանի իրավասության շրջանակներում է, Արտավազդ Վարդանյանը նույն հարցով դիմել է Երեւանի քաղաքապետին, ինչպես նաեւ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:
Արտավազդ Վարդանյանն իր դիմումում նշել է, որ թեեւ դիտարկվող հարցը Սահմանադրությամբ կամ օրենքներով ենթակա չէ Երեւանի քաղաքապետարանի լիազորություններին, սակայն ինքը դիմում է` հաշվի առնելով ՀՀ ոստիկանության կողմից նման դեպքերում բազմիցս դրսեւորած արատավոր եւ ապօրինի գործողությունները բացառելու նպատակով: Ի պատասխան այս դիմումի, ՀՀ ոստիկանությունը, հավատարիմ մնալով մարդու կյանքը, առողջությունն ու իրավունքները ոտնահարելու մարտիմեկյան ձեռագրին, արձագանքել է հերթական հակաօրինական գործողությամբ` անձրեւային եղանակի պայմաններում հացադուլավորին բռնությամբ զրկելով արդեն տեղադրված հովանոցից եւ արգելելով վրանի տեղադրումը»,- նշել են հայտարարության հեղինակները:
Նշվում է, որ ներկա պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը ուշանում է, մինչդեռ հացադուլավորը անձրեւային եղանակին գտնվում է բաց երկնքի տակ, ինչը ռեալ վտանգ է սպառնում նրա առողջությանը եւ խոչընդոտում է նրա իրավունքների իրականացմանը:
«Հայաստանի քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն կոչված ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել իր անմարդկային ու ապօրինի գործողությունները եւ չխոչընդոտել հացադուլ-նստացույցի վայրում վրանի ու հովանոցի տեղադրմանը, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք առանց հապաղելու արձագանքել ոստիկանության ապօրինի գործողություններին եւ համապատասխան քայլեր ձեռնարկել հացադուլավորի առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու եւ նրա իրավունքների իրացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»,- ամփոփել է «Սարդարապատ» շարժումը:



























