NEWS.am-ի զրուցակիցը հայազգի նշանավոր երգիչ, երգահան Հարութ Փամբուկչյանն է (Ձախ Հարութ):

Պարոն Փամբուկչյան, Դուք մշտապես գալիս եք Հայաստան: Ձեր կարծիքով, ի՞նչն է դրական, եւ ի՞նչն է բացասական Հայաստանում:

Վատը տեսնում ես` տխրում ես, լավը տեսնում ես` ուրախանում: Օրինակ, մեկ տարի առաջ եկա, տեսա, որ 90 տարեկան կինը կանաչի է ծախում փողոցում: Ասեցի` մայրիկ ջան, ի՞նչ ես անում այստեղ: Պատասխանեց, թե ապրուստի փող է աշխատում: Բոլորը վերցրեցի առաջից, վճարեցի եւ ասացի` մայրիկ ջան, գնա տուն, չեմ ուզում, որ էստեղ նստես: 15 րոպե հետո հետ գալով` տեսա, որ կրկին նստած վաճառում է: Դա ինձ շատ տխրեցրեց:

Դեռ շատ բաներ կան փոխվելու: Մի քանի տարի առաջ մամուլն ու հեռուստատեսությունը մենաշնորհ էր, ոչ մեկին իրավունք չէին տալիս` իրենց խոսքն ասել: Բայց հիմա տեսնում եմ, որ բոլոր հեռուստատեսությունները տալիս են ասպարեզ, որ իրենց խոսքն ասեն: Դա ինձ ուրախացրեց: Դա դեմոկրատիայի առաջին, դրական քայլերն են: Ամեն դեպքում այսքան տարի ապրելով խորհրդային պայմաններում, միանգամից չի լինի շարժը դեպի լավը: Ժամանակ պիտի անցնի, որ մարդկանց հոգեբանությունը փոխվի, ու պիտի գան ժամանակներ, որ բոլորն էլ ուզենան ապրել այս երկրում, ներառյալ ես: Ես հավատում եմ իմ ժողովրդի անմահությանը, ապագային: Շատ ծանր տարիներ ենք անցել, սրանք էլ կանցնեն, կգանք փայլուն օրերը:

Հավատո՞ւմ եք, որ մեր ժողովուրդը մի օր կվերադառնա Հայաստան:

Անպայման: Հոսքը կա արդեն, ես տեսնում եմ: Մարդիկ կան, որոնք ընտանիքներով եկել են այստեղ, չնայած դեռեւս շուտ է եզրակացությունների հանգել: Ես մեծ սիրով կգամ այստեղ ապրելու: Բայց հիմա տղաս սովորում է, գործեր ունեմ: 36 տարի ապրում եմ Ամերիկայում: Ժամանակը կգա, բոլորս էլ հետ կգանք, բայց այնպիսի ժամանակ պիտի լինի, որ բոլորիս համար ցանկալի լինեն: Ես բաներ եմ տեսնում, ընտրություններին ինչե՞ր են կատարվում: Հակառակություններ, որոնք դուրս չեն գալիս: Ամեն մեկն իր կուսակցությունն ունի: Ինձ ասում են` դու կուսակցական ես: Ես կուսակցական չեմ: Դաշնակցությունն էլ է ինձ կանչել, եկել եմ, կառավարությունն էլ է կանչել` եկել եմ: Հնչակյանների, ռամկավարների համար էլ երգել եմ: Իմ կուսակցությունը երգն է, ես երգի կուսակցությանն եմ պատկանում, եւ եկել եմ երգելու:

Այս անգամ եկել եք երգելու «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավին:

Րաֆֆիի հետ մենք պատանեկության ընկերներ ենք, ընտանեկան ընկերներ ենք: Եւ ամեն բարոյական մարդու իրավունքն է լինել ընկերոջ կողքին: Ես ոչ մի քաղաքական միտք կամ նպատակ չեմ հետապնդում ու իրավունք էլ չեմ վերապահում ինձ` ասելու, սրան ընտրեք, կամ նրան ընտրեք: Ժողովուրդը շատ խելացի է եւ լավ զգում է ամեն ինչ, թե ում ընտրի: Ես Հայաստանի քաղաքացիություն չունեմ եւ ունենալու դեպքում էլ չէի պարտադրի, որ եթե «ինձ սիրում եք, ինչ կլինի, ընտրեք»: Ես ահագին ժամանակ էլ չեմ եղել այստեղ, ասացի` գոնե կգամ, քաղաքս կտեսնեմ, ընկերներ ունեմ, մի քիչ կպտտվեմ, կհանգստանամ:

Իսկ առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Նոր ձայնագրությունս պիտի թողարկվի` 18 նոր երգերով: Ահագին ժամանակ ես շատ ակտիվ չէի համերգների հարցում: Սեպտեմբերին Մոսկվայում մեծ համերգ ունեմ: Նախնական պայմանավորվածություն ունեմ, որ ամռանը մեծ համերգ կունենամ Հայաստանում: