Գործող իշխանությունները բանակն ու զորահավաքային ռեսուրսը վերածել են նախընտրական ճնշման և պատժի գործիքի՝ զինվորներին ստիպելով քվեարկել ընթրիքի և քնի ժամերին, ինչպես նաև սահմանային անցակետերում ապօրինի արգելափակելով հազարավոր քաղաքացիների ելքը երկրից։ Դրա մասին հունիսի 16-ին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա պնդմամբ՝ քվեարկության օրը զինվորներին տեղամասեր են բերել բառացիորեն 20:00-ից՝ բանակում ընթրիքի ժամից, երեք-չորս րոպե առաջ, որպեսզի ներսում այլևս քաղաքացիական անձինք, լրագրողներ և վստահված անձինք չմնան։ Պատգամավորն ընդգծել է, որ զինծառայողներին վաշտերով ստիպել են ընտրության գնալ ընդհուպ մինչև ժամը 22:00-ն՝ կոպտորեն խախտելով բանակային կարգուկանոնն ու քնի ժամը, բացառապես այն բանի համար, որպեսզի վերահսկվող քվեարկության միջոցով նրանց վրա վարչական ճնշում գործադրեն։
Միաժամանակ Գեղամ Մանուկյանն ուշադրություն է հրավիրել Ռազմական ոստիկանության և Պաշտպանության նախարարության իրականացրած մեկ այլ իրավախախտման վրա, որը վերաբերում է 25-օրյա վարժական հավաքների «սև ցուցակներին»։ Նա շեշտել է, որ օդանավակայանում և սահմանային մյուս անցակետերում հազարավոր քաղաքացիների ելքը երկրից արգելափակել են՝ առանց քրեական գործերի առկայության կամ որևէ օրինական ընթացակարգի։
«Օրենքով սահմանված է ծանուցման հստակ կարգ՝ նախ էլեկտրոնային փոստով, ապա փոստատարի միջոցով, և միայն հրաժարվելու դեպքում՝ azdarar.am կայքի միջոցով, ինչը տևում է մոտ 20–25 օր։ Հիմա այս բոլոր ընթացակարգերն անտեսվել են։ Օդանավակայանում կանգնած ռազմական ոստիկանությունը երեք օր շարունակ կատարել է մարդկանց վախեցնելու գործառույթ. բոլոր նրանց, ում ֆիքսում էին, զրկում էին երկրից մեկնելու իրավունքից»,- պարզաբանել է պատգամավորը։
Նա պատմել է կոնկրետ դեպքերի մասին, երբ Ռուսաստանից հարսանիքի եկած քաղաքացուն կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացու որդուն, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էր զորացրվել և օրենքով ընթացիկ տարում զորակոչի ենթակա չէր, պատժիչ նպատակներով տեղում 25-օրյա հավաքների ծանուցագրեր են հանձնել։
«Եթե որևէ կողմնակի անձ իսկապես կարողանար հասանելիություն ստանալ ԱԱԾ սերվերներին կամ սահմանային համակարգին և վերցնել տեսագրությունները, ապա Ազգային անվտանգության ծառայության ղեկավարությանը միայն կմնար գնալ և Կիևյան կամրջից իրեն ցած նետել։ Ակնհայտ է, որ անցակետի տեսախցիկի կադրերը ԱԱԾ տնօրենն ուղարկել է Նիկոլ Փաշինյանի WhatsApp-ին, իսկ վերջինս այն անմիջապես փոխանցել է իր ընտանեկան թերթին՝ հրապարակման համար։ Բայց դրանից կատարողները չեն մտածում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը վաղը չի լինելու, իսկ իրենց ապօրինի գործողությունների հիշողությունը մնալու է»,- եզրափակել է Գեղամ Մանուկյանը։





























