Սարսափելի ոչինչ չկա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ այցելում են միայն Բաքու, Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
«Ուղղակի Բաքուն չափազանց խիստ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցի բանակցությունների կապակցությամբ, այդ պատճառով էլ համանախագահները որոշել են եւս մեկ անգամ առանձին խոսել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ որոշակի առաջընթացի հույսեր փայփայելով»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ, համենայն դեպս, համանախագահները երեք անգամ առանձին այցելել են Բաքու՝ փոփոխություններ մտցնելու Ադրբեջանի դիրքորոշման մեջ:
ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին, մեկնաբանելով տեղեկատվությունը, թե Ադրբեջան կատարած այցի ընթացքում համանախագահները մտադիր են այդ երկրի իշխանություններին ներկայացնել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ընդգծեց, որ այդ սկզբունքներից՝ ոչ հին, ոչ նոր, լավ բան սպասել պետք չէ. «Մադրիդյան սկզբունքները սկզբնապես ընդունելի չէին հայկական կողմի համար, քանի որ նախատեսում էին մեծ զիջումներ մեր կողմից՝ փոխարենը ոչինչ չպահանջելով Ադրբեջանից: Ինչ կարելի է սպասել մեզ համար „վատ“ նորացված տարբերակից, անկեղծ ասած, չեմ կարող ասել»,- նկատեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները որեւէ մանրամասն չեն հաղորդում:




























