Ոստիկանությունը հետաքննություն է սկսել Jet2.com ավիաընկերության չվերթում տղամարդու մահվան փաստով, ով, ըստ նախնական տվյալների, մահացել է այլ ուղևորների կողմից բռնվելուց հետո։ Մեծ Մանչեսթեր կոմսության ոստիկանությունը հաստատել է մոտ 30 տարեկան տղամարդու մահը։
Ինքնաթիռն իրականացնում էր Լառնակայից (Կիպրոս) Մանչեսթեր չվերթը՝ օդ բարձրանալով կիրակի ուշ երեկոյան և նշանակման օդանավակայան հասնելով երկուշաբթի վաղ առավոտյան։
Ոստիկանության տվյալներով՝ թռիչքի ժամանակ տղամարդն իբր իրեն ագրեսիվ է պահել և խախտել է կարգը, ինչի պատճառով օդաչուն առաջնահերթ վայրէջքի հարցում է ներկայացրել։
Վայրէջքից հետո ոստիկանության աշխատակիցները բարձրացել են ինքնաթիռ և տղամարդուն գտել ծանր վիճակում։ Քանի որ մահը վրա է հասել ոստիկանության հետ շփումից հետո, գործը փոխանցվել է Ոստիկանության դեմ բողոքների քննության անկախ վարչությանը՝ առանձին հետաքննություն անցկացնելու համար։
Նախնական տվյալներով՝ մինչ մահանալը տղամարդն անշարժացվել կամ բռնվել է ուղևորների կողմից։ Օդանավ բարձրացած ոստիկանները կատարել են սրտաթոքային վերակենդանացում, ինչից հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է։
Ոստիկանությունից հստակեցրել են, որ սպաները հետաքննություն են սկսել գիշերվա ժամը մոտավորապես 2:25-ին օդանավում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդում ստանալուց հետո։ Հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը հայտնաբերվել է արդեն ծայրահեղ ծանր վիճակում՝ ուղևորների և անձնակազմի հետ տեղի ունեցած ենթադրյալ հարձակման կամ միջադեպի հետևանքով։
Jet2.com ավիաընկերությունը հրաժարվել է մեկնաբանություններից ուղևորի մահվան մասին լուրից հետո։ Ավելի վաղ փոխադրողը հաստատել էր, որ LS966 չվերթը առաջնահերթ վայրէջք է խնդրել կարգազանց ուղևորի հետ կապված միջադեպի պատճառով, և որ ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։





























