Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 24-րդ նիստին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Միջպետական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու տասնյակ հարցեր: Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ներկայանում է դիտորդի կարգավիճակով:
Հայաստանի պատվիրակությունը այցելել է Բ. Ելցինի անվան նախագահական գրադարան, մասնակցել է կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստին նեղ կազմով, որը շարունակվել է ընդլայնված կազմով:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել է, որ համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում դրական արդյունքներ է արձանագրել ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում, հաջողությամբ են ընթանում Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորման գործընթացները:
Նիստում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միության եւ միասնական տնտեսական տարածության ձեւավորմանը, «Նորարարական Բարձր տեխնոլոգիաներ» միջպետական ծրագրի հաստատմանը, ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների դրամային քաղաքականության հիմնարար սկզբունքների, կրթության եւ հավատարմագրման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի եւ պարենային անվտանգության հայեցակարգի նախագծերին: Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել նիստին ներկա վարչապետները:
Նիստի ավարտին քննարկվել են կազմակերպչական հարցեր: Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:



























