ԱՄՆ-ի և Իրանի միջև կրակի փոխանակումն ավելի է բարդացնում առանց այդ էլ լարված բանակցությունները՝ ուղղված պատերազմի դադարեցմանը, X սոցիալական ցանցում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Իրանի հարձակումները Բահրեյնի և Քուվեյթի վրա անընդունելի են։ Ըստ հուշագրի՝ Թեհրանը պարտավորվել էր կրկին բացել Հորմուզի նեղուցը։ Նեղուցի մերձակայքում նավերի վրա վերջին հարձակումները խախտում են այդ պարտավորությունը և սպառնում էներգակիրների մատակարարումների վերսկսմանը։

Նավարկության ազատությունը պետք է ապահովվի անխափան կերպով։ Հաջորդ երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Պարսից ծոցի երկրների իրենց գործընկերների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք միասին աշխատել՝ աջակցելու համաձայնագրի իրականացմանը և պահպանելու նավարկության ազատությունը նեղուցում, ինչպես նաև Կարմիր ծովում», - նշել է Կալլասը իր հրապարակման մեջ։