Ռուսաստանի Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրենք, ըստ որի աշխատանքային ներգաղթյալների երեխաները չափահասության տարիքի հասնելուց հետո պետք է կա՛մ լքեն երկիրը, կա՛մ ձևակերպեն սեփական արտոնագիրը Ռուսաստանում հետագա գտնվելու և աշխատելու համար, հաղորդում է «Ведомости»  -ն՝ հղում անելով խորհրդարանի ստորին պալատին:

Ըստ փաստաթղթի՝ օտարերկրացիների անչափահաս երեխաների, նրանց թվում՝ որդեգրված և խնամակալության տակ գտնվող երեխաների ժամանակավոր երկրում ապրելու ժամկետը երկարաձգվելու է նրանց ծնողի արտոնագրի գործողության ժամկետով: Սակայն 18 տարին լրանալուց հետո Ռուսաստանում գտնվելու այս հիմքը դադարում է գործել:

Չափահաս օտարերկրացին, որը չունի երկրում բնակվելու կամ գտնվելու այլ օրինական հիմքեր, պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից: Միևնույն ժամանակ, նա կկարողանա դիմում ներկայացնել սեփական արտոնագիր ստանալու համար՝ վճարելով ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը:

Օրենքը նախատեսում է նաև, որ ծնողի արտոնագիրը չերկարաձգելու կամ անվավեր ճանաչելու դեպքում նա և իր անչափահաս երեխաները պետք է լքեն Ռուսաստանը 15 օրվա ընթացքում:

Բացի դրանից, փաստաթուղթը սահմանում է պահանջ, ըստ որի աշխատանքային ներգաղթյալները պետք է ինքնուրույն ապահովեն իրենց և իրենց խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամներին կենսապահովման նվազագույնից ոչ ցածր եկամտով՝ հաշվի առնելով տարածաշրջանային գործակիցը: Այդ պայմանը չկատարելու դեպքում օտարերկրացուն կարող են մերժել արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության երկարաձգումը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ներգաղթյալների համար պետական տուրքերի բարձրացման մասին օրենքը: Մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար տուրքի չափը 4200-ից դարձել է 50 հազար ռուբլի, կացության թույլտվության տրամադրման համար՝ 6000-ից 30 հազար ռուբլի, իսկ ժամանակավոր կացության թույլտվության համար՝ 1920-ից 15 հազար ռուբլի: Նաև մինչև 15 հազար ռուբլի է բարձրացվել յուրաքանչյուր աշխատողի համար օտարերկրացիներին աշխատանքի ներգրավելու թույլտվությունների ձևակերպման տուրքը: