Աբխազիայի նախագահական ընտրություններին արդեն մասնակցել են ընտրողների 20 տոկոսից ավելին: Այսօր` դեկտեմբերի 12-ին անցկացվող ընտրություններին ժամը 12-ի տվյալներով քվեարկել է հանրապետությունում քվեարկելու իրավունք ունեցողների 21 տոկոսը: Ընտրությունները կայացած համարելու համար անհրաժեշտ է, որ ընտրություններին մասնակցի ընտրողների 50 տոկոսը:
«Эхо Москвы»-ի հաղորդմամբ՝ 21 երկրներից եկած ավելի քան 80 միջազգային դիտորդները դեռեւս ոչ մի խախտում չեն գրանցել: Ընտրություններին հետեւում են նաեւ «Հանուն արդար ընտրությունների» ընտրողների լիգիայի ավելի քան 100 ներկայացուցիչներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունեն Աբխազիայի 127 հազար 450 քաղաքացիներ։ Առաջին անգամ է, որ մարդիկ ընտրության են գալիս Աբխազիայի հանրապետության անձնագրերով: РИА «Новости»-ին վկայակոչելով՝ ԿԸՀ նախագահ Բաթալա Տաբագուան հաղորդում է, որ Մոսկվայում գտնվող ընտրատարածքում քվեւարկել է 220 մարդ, իսկ Չերկեսկում գտնվող ընտրատարածքում 360:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Նիկարագուրայի եւ Վենեսուելայի կողմից ճանաչված այս հանրապետության նախագահի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածուներ` ներկայիս նախագահ Սերգեյ Բագապշը, նախկին նախագահ Ռաուլ Խաջիմբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիտալի Բգանբան, «Աբխազիայի նավագնացության պետական կազմակերպության» գլխավոր տնօրեն Զաուր Արձինբան եւ գործարար Բեսլան Բուտբանը: Թեկնածուներից երկուսը` Բաղապշը եւ Խաջիմբան ընտրվելու դեպքում նախագահի աթոռին կնստեն երկրորդ անգամ: Նրանց միջեւ դաժան պայքար է ընթացել նաեւ 2004-2005 թվականի ընտրություններում:
Սերգեյ Բաղապշը այսօր հայտարարել է, որ երկրում մեկնարկած ընտրությունները պետք է անցնեն հանգիստ մթնոլորտում։
«Սադրանքներ կլինեն, եթե խախտման դեպքեր գրանցվեն: Նախագահի բոլոր թեկնածուները լուրջ մարդիկ են եւ հասկանում են, որ այսօր Աբխազիայում մենք ընտրում ենք ոչ միայն նախագահի, այլ այն ուղղությունը, որով պետք է գնանք առաջ»,- Բաղապշին է մեջբերում «Ռուսաաստանի ձայն»-ը։




























