Հայաստանը չի կարող լինել Եվրասիական տնտեսական ընկերակցության լիիրավ անդամ, քանի որ ուղղակի սահման չունի կազմակերպության անդամ մյուս երկրների հետ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հայկական պատվիրակության հետ վերադառնալով (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 25-րդ նիստից:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք, դեկտեմբերի 11-ին վերադարձել է Երեւան: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետը մասնակցում էր Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի կառավարությունների ղեկավարների մակարդակով 25-րդ նիստին:
Համաժողովի աշխատանքը լուսաբանող հայ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է օրակարգի երկու կարեւոր խնդիր` Հակաճգնաժամային հիմնադրամի աշխատանքը եւ իննովացիոն հիմնադրամի ձեւավորումը, որոնց շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: «Դրանք շուրջ 500 մլն դոլարի հասնող ենթակառուցվածքային վարկային ծրագրեր են, որ ընդգրկում են էներգետիկայի, քիմիայի եւ այնպիսի այլ ոլորտներ, որոնք պարունակում են համագործակցության եւ ինտեգրացիայի միտումներ»,- ասել է վարչապետը:
Հարցին, թե ինչու Հայաստանը ԵվրԱզԷՍ-ի անդամ չէ, այլ հանդես է գալիս դիտորդի կարգավիճակով, վարչապետը պատասխանել է, որ մենք ԵվրԱզԷՍ-ի պետությունների հետ ուղղակի սահման չունենք. «Դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք այդ երկրների հետ խորացնենք եւ ընդլայնենք մեր բոլոր տեսակի հարաբերությունները: Դիտորդի կարգավիճակը մեզ հնարավորություն է տալիս մի կողմից տեղյակ լինել, թե ինչպիսի զարգացումներ են գնում ԵվրԱզԷՍ-ի ներսում, ինչ խնդիրներ կան, որտեղ Հայաստանը կարող է իր մասնակցությունը բերել ծրագրերին: Բնականաբար, դա նպաստում է, որպեսզի մենք, լինելով առավել տեղեկացված, օգտվենք ընձեռվող հնարավորությունից»,- մանրամասնել է վարչապետը:




























