Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի առաջին ունկդիրների ընդունելության մրցույթը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննությանը մասնակցել են մրցույթի առաջին փուլն անցած 138 դիմորդ:

Դիմորդներին ողջունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց. «Դիվանագիտական դպրոցի հիմնադրումը կարեւոր իրադարձություն է Հայաստանի երիտասարդ դիվանագիտական ծառայության համար»:

Հայաստանի արտգործնախարարը դիմորդներին տեղեկացրել է, որ Դպրոցում դասախոսություններով հանդես են գալու Հայաստանի փոխարտգործնախարարները, մեր երկրի դեսպաններն արտերկրում, Երեւանում հավատարմագրված դեսպանները: Հայաստան այցելող արտգործնախարարները եւ բարձրաստիճան դիվագետները հրավիրվելու են ելույթներ ունենալու Դպրոցում:

Օտարերկրյա առաջնակարգ դասախոսների հրավիրման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրոպական միության եւ ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ Հռոմի, Մոսկվայի, Տոկիոյի, Վիեննայի, Տալինի եւ մի շարք այլ մայրաքաղաքների դիվագիտական ակադեմիաների հետ: