Անհայտ անձինք հաթշտակել են բրիտանական ոստիկանության տվյալների բազան և դարքնեթում հրապարակել բրիտանական ուժային կառույցների և գերատեսչությունների 114 հազար աշխատակցի անունները, կոնտակտներն ու գտնվելու մասին տվյալները։ Այս մասին հայտնել է «The Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ես զբաղվում էի կազմակերպված հանցավորության հետ կապված գործերի քննությամբ և ճաղերի հետևում էի տեղավորում բարձրաստիճան անձանց։ Գաղտնի տեղեկատվության արտահոսքը լուրջ մտահոգություն է առաջացնում և լուրջ վտանգի է ենթարկում ոստիկանության աշխատակիցներին»,- պարբերականը մեջբերել է հաքերային գործողությունից տուժած աշխատակիցներից մեկի մեկնաբանությունը։
Թերթի տվյալներով՝ չարագործներին հաջողվել է հասանելիություն ստանալ Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության և Թագավորական դատախազական ծառայության աշխատակիցների տվյալներին, ինչը հարվածի տակ է դնում մեծ թվով աշխատակիցների։
Պարբերականն ընդգծել է, որ պատասխանատվությունն իր վրա է վերցրել հաքերային այն խմբավորումը, որին նախկինում կապում էին Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարության համակարգը կոտրելու արդյունքում շուրջ 600 հազար գաղտնի տվյալների գողության հետ։ Նշվում է, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հյուսիսարևելյան տարածաշրջանային բաժինը հետաքննում է տեղի ունեցածը։




























