Գերմանական Forsa հետազոտական ինստիտուտի հարցման համաձայն, Գերմանիայի բնակիչների երկու երրորդը կարծում է, որ այսօր ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները իրենց երկրի վրա ավելի ուժեղ են ներգործում, քան մինչև Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձը։
Հետազոտությունն անցկացվել է գերմաներեն Internationale Politik ամսագրի պատվերով։ Հարցվածների 67%-ը համաձայնել է, որ ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Գերմանիայի վրա մեծացել է Թրամփի՝ 2025 թվականի հունվարին սկսված երկրորդ նախագահական ժամկետի մեկնարկից հետո։ Եվս 18%-ը կարծում է, որ ազդեցությունը մոտավորապես նույնն է, ինչ մի քանի տարի առաջ, իսկ 11%-ը՝ պակաս նշանակալի։
Հարցումն անցկացվել է օգոստոսի 14-ին՝ 1004 մարդու շրջանում։ Սխալի սահմանը կազմում է մոտ երեք տոկոսային կետ։
Այն կարծիքը, որ ԱՄՆ-ի ազդեցությունը Գերմանիայի վրա ուժեղացել է, գերակշռում է գրեթե բոլոր ժողովրդագրական խմբերում և տարբեր քաղաքական կուսակցությունների կողմնակիցների շրջանում։
Միաժամանակ Գերմանիայի արևելյան երկրամասերի բնակիչներն ավելի հաճախ են նշում ամերիկյան ազդեցության աճը՝ 78%՝ երկրի արևմուտքի 65%-ի դիմաց։
Տարիքը նույնպես ազդում է գնահատականների վրա։ 60 տարեկանից բարձր հարցվածների շրջանում 18%-ը կարծում է, որ ԱՄՆ-ի ազդեցությունը Գերմանիայի վրա դարձել է ավելի փոքր, քան մի քանի տարի առաջ։ 18-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում այս դիրքորոշմանը հետևում է ընդամենը 2%-ը, իսկ 30-ից 44 տարեկան հարցվածների շրջանում՝ 6%-ը։





























