Նեպալում ավերիչ ջրհեղեղներից երկու օր անց փլատակների տակից փրկված հինգ տարեկան աղջիկը կիրակի օրը Կատմանդուի հիվանդանոցում վերամիավորվել է իր ծնողների հետ։ Երեխայի վիճակը կայուն է, և նա ապաքինվում է, հայտնում է BBC News-ը։

Մանիշային հայտնաբերել են Ռասուվա շրջանի Սյաբրուբեսի տարածքում, որտեղ փրկարարները ողջ մնացածների էին որոնում։ Ոստիկանները փլատակների տակից լսել են կատվի մլավոցի նմանվող ձայն և սկսել են քանդել բեկորները։ Որոշ ժամանակ անց դրանց տակ նրանք հայտնաբերել են աղջկան։

Նրա ազատման համար պահանջվել է մոտ երկու ժամ։ Երբ Մանիշային դուրս են բերել փլատակների տակից, նա ողջ էր, սակայն գրեթե չէր արձագանքում։ Փրկարարները ուղղաթիռ են կանչել, բայց վատ եղանակի պատճառով երեխային անմիջապես տարհանել չի հաջողվել։

Աղջկան տեղափոխել են փրկարարական ճամբար, որտեղ նրան ջուր են տվել։ Որոշ ժամանակ անց նա ուշքի է եկել, ինչից հետո փրկարարները սկսել են նրան քիչ-քիչ բրնձի եփուկ խմեցնել։

Մանիշան ստացել է ծանր հոգեբանական տրավմա։ Շաբաթ օրը կեսօրից հետո, այնուամենայնիվ, նրան հաջողվել է ուղղաթիռով տեղափոխել Կատմանդու, որտեղ նա հոսպիտալացվել է Teaching Hospital-ի մանկական շտապօգնության բաժանմունք։

Կիրակի օրը հիվանդանոցում հայտնել են, որ աղջիկը վերականգնվում է և գտնվում է կայուն վիճակում։ Այնտեղ էլ նա հանդիպել է իր ծնողներին։