ՀՀ պետականության միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից կործանարար է: Այս մասին «ՀՀ-Իրան ռազմավարական կենտրոն»-ի և ՀԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ասուլիսի ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Իրանը մեր կենսական ճանապարհն է դեպի արտաքին աշխարհ, ուղղակի կյանքի ճանապարհ կարելի է ասել։ Դա այդպես է եղել 1990-ական թվականներին, երբ ծանրագույն պայմաններում, երբ որ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, մենք շրջափակված էինք և Ադրբեջանի, և Թուրքիայի կողմից, եղել են պահեր, որ Իրանը մնացել է արտաքին աշխարհի հետ կապող միակ թելը, միակ հնարավորությունը դուրս գալու արտաքին աշխարհ։ Մենք շատ շնորհակալ պիտի կլինենք Իրանին, որ այդ ժամանակներում Իրանը օգնության ձեռք մեկնեց մեզ։

Մենք պետք է գիտակցենք, որ ոչ մի բան չի փոխվել, Իրանը հիմա էլ շարունակում է մնալ կենսական մեր ճանապարհը դեպի արտաքին աշխարհ, դեպի գլոբալ հարավ, դեպի Հնդկական օվկիանոս։ Իրանը մեզ համար արժեքավոր է և որպես մի երկիր, որի հետ մենք կարող ենք ունենալ հարաբերություններ, այդ թվում առևտրատնտեսական հարաբերություններ, բայց նաև որպես մի երկիր, որի միջոցով մենք կարող ենք ունենալ հարաբերություններ աշխարհի հետ, մասնավորապես գլոբալ հարավի երկրում աճող տնտեսության հետ»,–ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանին, Զուրաբյանը նկատեց. «Հայաստանին իհարկե պետք է հաշտություն և խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և ամեն ինչ պետք է անել, որ այդ ուղղությամբ գործընթացները շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ չի կարող այդ խաղաղությունը կառուցված լինել Ադրբեջանից Հայաստանի միակողմանի կախվածության վրա։

Ցավոք սրտի, այն բանաձևը, որ մեզ հիմա առաջարկում են, հենց դրա վրա է կառուցված, այսինքն դա մի համակարգ է, ըստ որի մեր բոլոր ստրատեգիական ուղիները պետք է անցնեն Ադրբեջանով և անգամ այն պրոգրեսիվ զարգացումները, որ կապված են արհեստական բանականության գործարանների հիմնան հետ, նույնպես տեղավորվում են մի ենթակառուցվածքի մեջ, որի կոմունիկացիոն բաղադրիչը նորից անցնում է Ադրբեջանի միջոցով։

Հայոց պետականության համար միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից կործանարար է և այստեղ է, որ շատ կարևոր է Իրանի դերը։ Մենք փոխադարձ իրար պետք ենք։ Իրանը կարիք ունի Հայաստանի և որպես լավ հարևանի, որի հետ կարող են լինել տնտեսական հարաբերություններ, մշակութային հարաբերություններ, քաղաքական հարաբերություններ, բայց նաև որպես ճանապարհ դեպի Եվրոպա, պատուհան դեպի Եվրոպա։ Այսինքն մենք փոխադարձ իրար կարիքը ունենք, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի անկախությունը ամրապնդվի, իսկ Իրանը իսկապես հսկայական դեր կարող է խաղալ այս հարցում»,– հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։

Նա նշեց, որ իրենք քննարկել ենՀայաստանը Իրանի հետ կապող երկաթուղու նախագիծը, Հայաստանի և Իրանի միջոցով անցնող տվյալների փոխադրման հզոր մալուխային համակարգի կառուցումը. «Այսօր մենք նաև խոսում ենք արհեստական բանականության բնագավառում համագործակցության մասին, որպեսզի Հայաստանում ստեղծվի ալտերնատիվ ցանց հիմնված չինական տեխնոլոգիաների վրա և Իրանի, որպես ենթակառուցվածք մատակարարող երկրի։ Այսինքն հնարավորությունները հայ-իրանական համագործակցության անթիվ են, անսահման և նրանք անփոխարինելի են։

ՀԱԿ–ը միշտ դավանել է այդ մոտեցումը, որ Հայաստանը պետք է ընտրի երկիր կամուրջ լինելու վերակատարությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը դառնա կամուրջ։ Մեզ միակողմանի լուծումներ պետք չեն, դրանք վտանգավոր են, Հայաստանը պետք է լինի կամուրջ և Արևմուտքի և Արևելքի միջև, բայց նաև հյուսիսի և հարավի միջև։ Դա մեր անկախության և զարգացման գլխավոր երաշխիքն է»,– ընդգծեց նա։