ԱՄՆ Յուտա նահանգի դատարանը երեքշաբթի օրը պետք է որոշում կայացնի, թե արդյոք բավարար են ապացույցները հայտնի պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի սպանության մեջ մեղադրվող 23-ամյա Թայլեր Ռոբինսոնի գործը դատարան փոխանցելու համար, հայտնում է NBC News-ը:
Դատախազությունը Ռոբինսոնին մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության հատկանիշներով, որն առաջին աստիճանի ծանր հանցագործություն է, և նահանգի օրենսդրությամբ դրա համար նախատեսվում է մահապատիժ: Մեղադրյալը դեռևս իրեն մեղավոր կամ անմեղ չի ճանաչել:
«Turning Point USA» երիտասարդական կազմակերպության 31-ամյա համահիմնադիր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Քիրքը սպանվել է անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին՝ Յուտայի հովտի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ: Ռոբինսոնը հաջորդ օրն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը:
Երեքշաբթի օրվա լսումների ընթացքում կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով, որից հետո, ակնկալվում է, որ շրջանային դատավոր Թոնի Գրաֆը որոշումը կհրապարակի անմիջապես դատական նիստերի դահլիճում:
Ավելի վաղ դատախազությունը ներկայացրել էր իրադարձությունների մանրամասն վերականգնումն ու բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունները, թվային տվյալներն ու փորձագիտական քննությունների արդյունքները:
Նահանգի Քննչական բյուրոյի նախկին աշխատակից Դևիդ Հալի ցուցմունքի համաձայն՝ Ռոբինսոնը համալսարան է ժամանել կրակոցներից մի քանի ժամ առաջ, սնունդ է գնել համալսարանական տարածքում գտնվող Chick-fil-A ռեստորանից, կապվել «Turning Point USA»-ի ներկայացուցիչների հետ, ինչից հետո փոխել է հագուստն ու դիրքավորվել այն շենքի տանիքին, որտեղից տեսարան է բացվում դեպի ամֆիթատրոնը, որտեղ ելույթ էր ունենում Քիրքը:
Դատարանում ցուցադրված տեսագրությունում Ռոբինսոնը երևում է տանիքին՝ անմիջապես կրակոցից առաջ: Այն բանից հետո, երբ գնդակը դիպչել է Քիրքին, նա, Հալի փոխանցմամբ, վազել է տանիքով, իջել գետնին ու փախուստի դիմել:
Դատախազները ներկայացրել են նաև Ռոբինսոնի նախկին զուգընկերոջ և սենյակակից Լենս Թվիգսի հարցաքննության ձայնագրությունը: Նրա խոսքով՝ սպանության հաջորդ օրը Ռոբինսոնը տագնապած քայլում էր բնակարանում և զղջում կատարվածի համար: Թվիգսի հարցին, թե արդյոք իսկապես ինքն է սպանել Քիրքին, Ռոբինսոնը, ըստ պնդումների, պատասխանել է, թե կնախընտրեր դա արած չլինել:
Թվիգսը պատմել է նաև, որ Ռոբինսոնը մտադիր էր խոստովանել ծնողներին կամ դիմել ոստիկանություն: Ի վերջո, նույն օրն ավելի ուշ նա հանձնվել է իրավապահներին:
Քննիչները հանցագործության ենթադրյալ գործիքը՝ սրբիչով փաթաթված սահնակավոր փականով հրացանը, գտել են համալսարանի ամֆիթատրոնից ոչ հեռու գտնվող անտառապատ տարածքում: Քննության տվյալներով՝ սրբիչի վրա հայտնաբերվել են Ռոբինսոնի և Թվիգսի ԴՆԹ-ները:
Պաշտպանական կողմը փորձում է կասկածի տակ դնել ԴՆԹ փորձաքննության արդյունքները՝ մատնանշելով դատաբժշկական վերլուծության ընթացքում հնարավոր սխալները: Ընդ որում, Ռոբինսոնի փաստաբանները սպանության այլընտրանքային տարբերակ կամ այլ կասկածյալի թեկնածություն չեն ներկայացրել:
Մեղադրական ակտում նշվում է նաև, որ հրացանում գտնված փամփուշտների վրա եղել են գրություններ, այդ թվում՝ «Է՛յ, ֆաշի՛ստ, սա՛ քեզ» և սեքսուալ բնույթի վիրավորական արտահայտություն:
Միևնույն ժամանակ, Թվիգսը քննիչներին հայտնել է, որ մինչ կրակոցները Ռոբինսոնն իր հետ երբեք չի խոսել Քիրքի մասին: Թվիգսի խոսքով՝ իրենք մտերմացել էին տեսախաղերի հանդեպ ընդհանուր հետաքրքրության շնորհիվ:





























