Եվրոմիության ավելի քան 10 երկիր պատրաստ է մարդկային ու նյութական ռեսուրսներ տրամադրել Լիբանանի զինված ուժերին խորհրդատվություն և պատրաստություն ապահովող նախատեսվող առաքելությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Եվրոմիությունն ուսումնասիրում է լիբանանյան բանակի հզորացման հնարավորությունները, որպեսզի այն կարողանա կենտրոնանալ անվտանգության ապահովման և «Հեզբոլլահ» շարժման զինաթափման խնդիրների վրա։

Արևմտյան երկրները վաղուց են Լիբանանին կոչ անում զինաթափել Իրանի աջակցությունը վայելող այդ խմբավորմանը։ Այս պահանջը Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրի առանցքային կետերից է, որը նպատակ ունի վերջ դնել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին զուգահեռ ընթացող հակամարտությանը։

Միևնույն ժամանակ, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) մանդատի ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։ Դրանից հետո առաքելությունը պետք է սկսի ուժերի կրճատման և դուրսբերման մեկամյա գործընթացը։

«ԵՄ-ն նպատակ չունի փոխարինել UNIFIL-ին», — Իռլանդիայում Եվրոպական պաշտպանության նախարարների հանդիպումից հետո ընդգծել է Կալասը։

Նա նշել է, որ Բրյուսելի նպատակը լիբանանյան զինված ուժերի և ամբողջ երկրի տարածքում անվտանգություն ապահովելու պետության կարողության ամրապնդումն է։

ԵՄ ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ կառույցը նախատեսում է առաքելությունը ձևավորել մինչև հոկտեմբերի կեսերը, իսկ անձնակազմը Լիբանան ուղարկել 2026 թվականի վերջին կամ 2027 թվականի սկզբին։ Կալասը չի հստակեցրել, թե հատկապես որ երկրները կմասնակցեն։

Ֆրանսիան արդեն մի քանի ամիս է, ինչ փորձում է կազմակերպել լիբանանյան բանակի հզորացմանն ուղղված միջազգային համաժողովը և ավելի վաղ նույնպես կողմ էր արտահայտվել միջազգային ուժերի ստեղծմանը, որոնք կարող էին փոխարինել UNIFIL-ին։

Reuters-ի հարցված արևմտյան դիվանագետի գնահատմամբ՝ մինչև Իսրայելում հոկտեմբերի վերջին նախատեսված ընտրությունները և Լիբանանի ապագայի վերաբերյալ լուրջ որոշումների կայացման հեռանկարները սահմանափակ են։ Դիվանագետը նաև նշել է, որ հարցի առաջմղումը քիչ հավանական է առանց լիբանանյան բանակի էական ուժեղացման, ինչը նրան թույլ կտար զբաղեցնել նախկինում «Հեզբոլլահի» վերահսկողության տակ գտնվող շրջանները։