Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ դեպի ԵՄ շարժվելու Հայաստանի որոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, սակայն այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության հետ։

«Եթե որոշում եք կայացրել շարժվել դեպի ԵՄ, դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է։ Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական թելեր, և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը։ Մենք շատ խոր արմատներ ունենք հայ ժողովրդի հետ հարաբերություններում։ Բայց միաժամանակ երկու կազմակերպությունում գտնվելն ուղղակի անհնար է», — ասել է Պուտինը։

Նա պարզաբանել է, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև բուսասանիտարական պահանջներում և տեխնիկական ստանդարտներում կան տարբերություններ, ինչի պատճառով դրանց համատեղումն ընթացիկ պայմաններում անհնար է։

«Մեզ մոտ ընդհանրապես շատ բաներ կան, որոնք անհամատեղելի են, համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ», — հավելել է Ռուսաստանի նախագահը։