Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր համար այլ ճանապարհ չի թողել, քան տարածաշրջանից ամբողջությամբ հեռանալը, հայտնում է Mehr-ը:

Պատգամավորի խոսքով՝ ամերիկյան ներկայությունը ոչ թե ապահովում է անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Մերձավոր Արևելքի երկրների համար:

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ազիզին Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքում հարսանեկան արարողության վրա ԱՄՆ հարվածը, որի հետևանքով, իրանական կողմի տվյալներով, մի քանի մարդ է զոհվել, անվանել է Վաշինգտոնի «անկարողության, անօգնականության և հուսահատության» նշան:

«Ամերիկացիները հայտնվել են ռազմավարական փակուղում: Քանի որ նրանք չունեն ուժեր և կարողություններ՝ դիմակայելու զինված ուժերին և իրանցի քաջ ժողովրդին, ինչի համար էլ դիմում են հանցավոր ու չարամիտ գործողությունների», — հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը:

Ազիզին ԱՄՆ-ին սպառնացել է «վճռական, կործանարար և ափսոսանք առաջացնող պատասխանով»՝ նշելով, որ Իրանի նմանատիպ արձագանքն անցյալում արդեն եղել է:

Նրա խոսքով՝ քանի դեռ Իրանը պահպանում է դիմադրելու կամքը, իսկ զինված ուժերն ու բնակչությունը պատրաստ են շարունակել դիմակայությունը, ԱՄՆ-ն այլ ելք չի ունենա, քան «ենթարկվել իրանցի ժողովրդի կամքին»:

«Նրանց միակ ճանապարհը նահանջելն ու տարածաշրջանն ամբողջությամբ լքելն է», — ասել է պատգամավորը:

Ազիզին նաև հայտարարել է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը տարածաշրջանի երկրներին անվանգություն չի բերում, այլ, ընդհակառակը, անկայունության աղբյուր է: Նա ընդգծել է, որ Իրանը մտադիր է ինքնուրույն որոշել սեփական պաշտպանության ու անվտանգության պայմանները և ելնել սեփական կարողություններից:

Պատասխանելով ամերիկյան հարվածներին պատասխանելու Իրանի անկարողության մասին ենթադրություններին՝ Ազիզին հայտարարել է. «Նրանք չպետք է մտածեն, թե մենք չենք կարող պատասխանել իրենց: Իրանը հզոր է»:

Պատգամավորի խոսքով՝ իրանական զինված ուժերն այժմ զգալիորեն ավելի մեծ կարողությունների և սպառազինության պաշարների են տիրապետում, քան «Ռամադանյան պատերազմի» սկզբում: Պարսից ծոցում տարածաշրջանային ռազմական հրամանատարների հետ հանդիպումներին հղում անելով՝ նա հայտարարել է, որ Իրանն ավելի շատ սպառազինություն է արտադրել ու կուտակել, քան օգտագործել է 40 օր տևած մարտական գործողությունների ընթացքում:

«Մեր ռազմական դոկտրինի շրջանակներում՝ մեր ձեռքերն ազատ են ցանկացած հարձակողական կամ պաշտպանական գործողության համար», — ասել է Ազիզին:

Նա հավելել է, որ մինչ ԱՄՆ-ն բախվել է ռեսուրսների պակասի և հասել «փակուղու», Իսլամական Հանրապետությունը տիրապետում է անհրաժեշտ միջոցներին ու սպառազինությանը՝ ցանկացած ռազմավարական և մարտավարական քայլերի համար: