Ամերիկյան Մերիլենդ նահանգի դաշնային շրջանային դատարանը չորեքշաբթի որոշել է ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում այսպես կոչված ծննդաբերական տուրիզմն արգելող հրամանագրի կիրարկումը։

Դատարանի այս որոշման համաձայն՝ Վաշինգտոնի վարչակազմը ժամանակավորապես չպետք է միջոցներ ձեռնարկի այդ հրամանագրի մի քանի հիմնական դրույթների կատարման ուղղությամբ։ Այն Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբին և նպատակ ունի կանխել այն պրակտիկան, երբ օտարերկրյա քաղաքացիները հատուկ գալիս են ԱՄՆ, որպեսզի երեխա ունենան, որն ստանում է ամերիկյան քաղաքացիություն։

Դատարանի որոշումը վերջնական չէ։ Գործի քննությունը շարունակվում է։ Այն սկսվել է միգրանտների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հայցի ներկայացման կապակցությամբ։

Մերիլենդի դաշնային շրջանային դատարանը գտել է, որ ամերիկացի առաջնորդի հիշյալ հրամանագիրը հակասում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը։ Երկրի բարձրագույն դատական ատյանը հունիսին հակասահմանադրական էր ճանաչել Թրամփի մեկ այլ հրամանագիր, որը նույնպես նպատակ ուներ սահմանափակել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը։ Ամերիկացի առաջնորդը այդ փաստաթուղթը ստորագրել էր 2025 թվականի հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո։ Այն պետական գերատեսչություններին հանձնարարում էր հրաժարվել ԱՄՆ-ում ծնված այն երեխաներին քաղաքացիություն տրամադրելուց, որոնց ծնողները այնտեղ գտնվում են անօրինական հիմքով, ինչպես նաև այն դեպքում, եթե նորածնի մայրը երկիր էր մուտք գործել ժամանակավոր հիմունքներով, այդ թվում՝ այլ պետության հետ առանց վիզայի ռեժիմի շրջանակում կամ ուսումնական, աշխատանքային կամ զբոսաշրջային վիզայով, իսկ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն ունեցող անձ չէ։

Ծնունդով քաղաքացիության իրավունքի վերաբերյալ սահմանադրական ուղղումը ընդունվել է ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմից (1861-1865) հետո, ինչի շնորհիվ չեղարկվել է Գերագույն դատարանի 1857 թվականի որոշումը, որը մերժում էր աֆրոամերիկացիների քաղաքացիության իրավունքը։