Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը գրեթե վերադարձել է Իրանի հետ հակամարտության սկսվելուց առաջ եղած մակարդակին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է պատկեր, ըստ որի՝ այժմ նեղուցով օրական անցնում է մոտ 18 միլիոն բարել նավթ՝ հակամարտության սկսվելուց առաջ եղած 20 միլիոնի դիմաց։

«Հորմուզի նեղուցում նավթի ծավալները վերադարձել են», - ասվում է Թրամփի հրապարակած պատկերում։

Նախօրեին CNN հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները Հորմուզի նեղուցով ուղեկցել են 40 առևտրային նավ, որոնք տեղափոխում էին մոտ 18 միլիոն բարել նավթ։ Այս ծավալը դարձել է առավելագույնը հակամարտության սկզբից ի վեր։ Մինչ դրա սկիզբը նեղուցով օրական անցնում էր մոտ 20 միլիոն բարել նավթ և նավթամթերք։