Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ արձագանք է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, ով Իրանի իշխանություններին համեմատել էր «թունավոր օձի հետ, որը շարունակում է շարժվել անգամ գլուխը կտրելուց հետո»։ Այս մասին հայտնում է Mehr-ը։

Ավելի վաղ Բեսենթը, պատմելով Հարավային Կարոլինայում անցկացրած իր մանկության մասին, որտեղ բակում թունավոր օձեր էին հայտնվում, հայտարարել էր․ «Մենք թաղում ենք իրանական օձի գլուխը։ Օձը դեռ չգիտի, որ սատկել է, բայց երբ արևը մայր մտնի, այլևս չի գալարվի»։ Այսպես նա բնութագրել էր Իրանի վրա ամերիկյան ճնշման արդյունքները։

Ի պատասխան՝ Բաղային հայտարարել է, որ Բեսենթը «սխալմամբ Իրանի պատմության ու մշակույթի խորությունը շփոթում է մանկության բակի չափսերի հետ»։

«Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ռաիս Ալի Դելվարիի նահատակության տարելիցն է․ նա բրիտանական իմպերիալիզմի դեմ Իրանի դիմադրության խորհրդանիշն է։ Այս օրով արժե հիշել Սքոթ Բեսենթին՝ մի մարդու, ով Իրանի մասին իր պատկերացումները բացատրելու համար հիշել է Հարավային Կարոլինայի իրենց բակի մանկական հուշերը, թե ինչպես էին թունավոր օձերին սպանում մաչետեով ու փոցխով», — գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ավելի քան մեկ դար առաջ Բրիտանական կայսրությունն իր ողջ հզորությունն ուղղել էր Բուշեհրի և Թանգեստանի դեմ։ Բաղայիի խոսքով՝ Ռաիս Ալի Դելվարին սպանվեց, սակայն դիմադրությունը շարունակվեց։

«Դրա փոխարեն ինչը փլուզվեց, ձեր բացարձակ իշխանության իլյուզիան էր, իսկ դրա հետ մեկտեղ՝ բարոյական գերակայության ցանկացած հավակնություն։ Պատմությունն անհամեմատ ավելի մեծ է, քան մանկության հուշերն ու «նրանց» հետնաբակը», — ընդգծել է Բաղային։

Սեպտեմբերի 3-ը Իրանում նշվում է որպես Գաղութատիրության դեմ դիմադրության ազգային օր և Ռաիս Ալի Դելվարիի հիշատակի օր։