Ռուսաստանի նախագահը որոշել է գնդակը փոխանցել հայկական կողմին։ Այս մասին NEWS.am-ի եթերում «Ուժի գործոն» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով ՀՀ տարածքից ռուսական 102-րդ ռազմական բազան դուրս բերելու պատրաստակամության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։
«Բավականին ակնհայտ է, որ ռազմական իմաստով այս բազան անօգուտ է։ Երբ կոմունիկացիաները ձգված են, մեջտեղում Վրաստանն է, երբ առկա են բազայի սպասարկման լուրջ բարդություններ, և երբ այն, ըստ էության, պատմական ապախրոնիզմ է․․․ սա ոչ այլ ինչ է, քան սիմվոլ։ Ինչի՞ սիմվոլ․ Հայաստանին Ռուսաստանի աջակցության։ Սա հայ-ռուսական հարաբերությունների խորհրդանիշն է», — նշել է քաղաքագետը։
Փորձագետի կարծիքով՝ Պուտինը, այսպիսով, պարզապես որոշել է կիրառել դիսկուրսիվ ճնշման եղանակներից մեկը։ Նույնը վերաբերում է նաև գազի գնի բարձրացման սպառնալիքին։ Իսկանդարյանը համոզված է, որ նման մոտեցումը Ռուսաստանին կզրկի նաև տնտեսական կապերից։ Այսինքն՝ փաստացի Հայաստանին ճնշելու հերթական լծակից։
«Բայց կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը։ Ո՛չ Աբխազիան, ո՛չ Օսիան չեն կարող փոխարինել Հայաստանին», - նշել է քաղաքագետը։



























