ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետաքննում է Իրանում հարսանեկան արարողության հավաքված տասնյակ մարդկանց տան ուղղությամբ ամերիկյան հրթիռի հարվածի մասին տեղեկությունը, հայտնում է Associated Press-ը:

Հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։

«Մենք շատ մանրակրկիտ ենք հետաքննում սա»,- ասել է Վենսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն երբեք դիտավորյալ չի թիրախավորում քաղաքացիական անձանց մարտական գործողությունների ընթացքում։ Միևնույն ժամանակ, նա հավելել է. «Երբեմն նման բաներ լինում են»։

«Մենք հետաքննում ենք սա, որովհետև, բնականաբար, մեզ համար միևնույն չէ, մենք ուզում ենք ճշմարտությունը իմանալ։ Երբ մեր զինվորականները սխալներ են թույլ տալիս, նրանք հետևություններ են անում, որպեսզի հետագայում ավելի լավ գործեն»,- հայտարարել է փոխնախագահը:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսն ավելի վաղ նույնպես հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները ստուգում են միջադեպի մասին տեղեկությունը։

Միևնույն ժամանակ, Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող առճակատումը պատերազմ չի համարում։ Նրա խոսքով՝ ամերիկյան հարվածների վերջին փուլի ավարտից հետո այժմ «ակտիվ մարտական գործողություններ» չեն ընթանում։

«Ես հիմա սա պատերազմ չէի անվանի։ Ակտիվ հրաձգություն չկա»,- ասել է նա:

Վենսի պնդմամբ՝ հիմնական մարտական գործողությունները տևել են մոտ վեց շաբաթ, որոնց ընթացքում ոչնչացվել է Իրանի ռազմական ներուժի զգալի մասը։ Ընդ որում, Իրանը, նրա խոսքով, շարունակում է հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, ուստի ԱՄՆ-ն պետք է ապահովի միջազգային նավագնացության անվտանգությունը: