TRIPP նախագիծը, տեխնիկական առումով, լիովին կարող է իրականացվել առանց Ռուսաստանի ներգրավման։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «APRI Armenia» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Փորձագետի խոսքով՝ այսօր կան բավարար թվով ընկերություններ, որոնք ունակ են կառուցել ամբողջ անհրաժեշտ ենթակառուցվածքը․ դրա համար նրանք ունեն և՛ փորձ, և՛ հմտություններ։
Ինչպես նշել է քաղաքագետը, ռուսական կողմը, խոսելով առանց իր մասնակցության նախագծի իրականացման անհնարինության մասին, ամենայն հավանականությամբ նկատի ունի հնարավոր խոչընդոտներն ու արգելքները։
«Ի՞նչ խոչընդոտների մասին կարող է խոսք լինել։ Հիշեցնեմ, որ 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ այնտեղ ունենք ռուսական սահմանապահ զորքեր։ Այո, նրանք հեռացել են Իրանի հետ սահմանին գտնվող անցակետից, բայց, այնուամենայնիվ, սահմանապահները մնացել են սահմանին։ Վերոնշյալ պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ մենք կկարողանանք վերահսկողություն սահմանել հայ-իրանական սահմանի նկատմամբ այն ժամանակ, երբ մեր սահմանապահները պատրաստ կլինեն դրան։ Սակայն այս գործընթացը կարող է ձգձգվել։ Ռուսաստանը կարող է հրաժարվել սահմանի այդ հատվածից իր սահմանապահ զորքերը հանել հնարավորինս սեղմ ժամկետներում», — պարզաբանել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ սա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել TRIPP նախագծի իրականացման հարցում։




























