ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ ալ Զայուդիի հետ։ 

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։ 

Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու գործընթացի դյուրացումը։ Գևորգ Պապոյանն առաջարկել է ձևավորել գործնական կապի մեխանիզմ ԱՄԷ համապատասխան մարմինների հետ, ինչը հայկական ընկերություններին հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնել շուկայի պահանջները, գործող ստանդարտներն ու սերտիֆիկացման ընթացակարգերը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել ԱՄԷ գործարարների այցեր Հայաստան՝ արտադրական հնարավորություններին ծանոթանալու, B2B հանդիպումներ անցկացնելու և փորձնական մատակարարումներից դեպի երկարաժամկետ պայմանագրերի անցնելու նպատակով։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։