Սև և Ազովի ծովերով գյուղմթերքի արտահանման դադարեցման հետևանքով ռուսաստանցի ֆերմերները փորձում են ավելացնել Բալթիկ ծովի միջոցով իրականացվող արտասահմանյան մատակարարումները։ Երթուղիներից մեկն անցնում է Լատվիայով, որտեղ բեռնաթափումները, թեև Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատման պատճառով կտրուկ նվազել էին, այնուամենայնիվ շարունակվում էին։ Սակայն Ռիգայում որոշել են չօգնել Ռուսաստանին ավելացնել ցորենի (որի արտահանումը օգոստոսին գրանցել է 16 տարվա նվազագույն ցուցանիշը) և այլ հացահատիկային մշակաբույսերի արտահանման ծավալները։

Լատվիայի կառավարությունը նախատեսում է 300%-ի չափով մաքսատուրք սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող հացահատիկի համար, հայտնել է վարչապետ Անդրիս Կուլբերգսը։ Անցյալ շաբաթ Լատվիայի և Լիտվայի պաշտոնյաները քննարկում էին իրենց նավահանգիստներով ռուսական հացահատիկի բեռնաթափումը դադարեցնելու հնարավորությունը, գրում է Reuters-ը։ Նման բարձր մաքսատուրքը կամ ուղղակի արգելքը Ռուսաստանին կզրկեն կարևոր այլընտրանքից այն իրավիճակում, երբ հարավային երթուղով մատակարարումները կաթվածահար են եղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։

Ռուսական հացահատիկի արտահանումը Բալթյան երկրների, առաջին հերթին՝ Լատվիայի միջոցով շարունակվում է, թեև անցյալ մրցաշրջանում այն կազմել է ընդամենը 1 միլիոն տոննա՝ երկու տարի առաջ գրանցված 2.5 միլիոն տոննայի համեմատ։ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչևսկու գնահատմամբ՝ հուլիսին մեկնարկած ընթացիկ մրցաշրջանում Բալթյան երկրների միջոցով արտահանումը կարող էր հասնել 5-6 միլիոն տոննայի, իսկ էստոնական նավահանգիստների հասանելիության դեպքում՝ անգամ 10 միլիոնի։

Լատվիան ունի երեք խոշոր նավահանգիստ՝ Լիեպայան, Ռիգան և Վենտսպիլսը, ինչպես նաև մի քանի փոքր նավահանգիստներ՝ Սկուլտեն, Մերսրագսը, Սալացգրիվան, Պավիլոստան և Ռոյան, որոնք տեղակայված են երկրի ողջ ծովային սահմանի երկայնքով։ Խոշոր նավահանգիստները հիմնականում զբաղվում են տարանցիկ բեռների մշակմամբ։

Բալթիկ ծովում ռուսական նավահանգիստների թողունակությունը տարեկան կազմում է 7 միլիոն տոննա հացահատիկ, ինչը բավարար չէ Ազովի և Սև ծովերի նավահանգիստներով մատակարարումները փոխարինելու համար, խոստովանել է Զլոչևսկին։ Վերջիններս անցյալ մրցաշրջանում (2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիս) ապահովել են հացահատիկի ծովային արտահանման 90%-ը կամ 46.3 միլիոն տոննա։

Ահա թե ինչու են այժմ այդքան կարևոր Բալթյան երկրների նավահանգիստների կարողությունները․ դրանք կարող էին գոնե մասնակիորեն փոխհատուցել հարավային երթուղով մատակարարումների անկումը։

«ՍովԷկոն»-ի տվյալներով՝ օգոստոսին Ռուսաստանից ցորենի արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 56%-ով՝ կազմելով 2.2 միլիոն տոննա և իջնելով 2010 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։